«Հետազոտությունները ցույց են տալիս, որ աղջիկների իրավունքների և կրթության մեջ ներդրված յուրաքանչյուր դոլար զարգացող երկրներում կարող է ստեղծել 2 դոլար 80 ցենտին համարժեք արդյունք։ Ուսուցման մեկ լրացուցիչ տարին կարող է տասից քսան տոկոսով ավելացնել կնոջ եկամուտը։
Բացի այդ, ուսուցման յուրաքանչյուր լրացուցիչ տարին քսան տոկոսով նվազեցնում է դեռահաս տղաների՝ կոնֆլիկտի մեջ ներգրավվելու ռիսկը։ Ըստ հետազոտությունների գնահատման՝ 1970 թվականից ի վեր ամբողջ աշխարհում մանկական մահացության կրճատման ավելի քան կեսը պայմանավորված է վերարտադրողական տարիքի կանանց կրթության բարձրացմամբ։
«Ցավոք, Քովիդ-19-ի համավարակը խարխլել է կրթական համակարգերն ամբողջ աշխարհում», նշել է Փաուերը։ Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ԱՄՆ ՄԶԳ-ն ադապտացրել է կրթական ծրագրերը ավելի քան 50 երկրներում, ինչը թույլ է տվել վերականգնել 24 միլիոնից ավելի աշակերտների ուսումը, որը խաթարվել էր համավարակի պատճառով։
Այդուհանդերձ, շատ աղջիկների, փախստականների և ներքին տեղահանվածների համար դպրոցական կրթությունը դեռևս հասանելի չէ։ Այդ նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն37 միլիոն դոլար է պատրաստվում տրամադրել «Կրթությունը չի կարող սպասել» ծրագիրը ֆինանսավորելու համար, ներառյալ՝ Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի վարչության կողմից 14 միլիոն դոլարի հատկացումը։
«Կրթությունը չի կարող սպասել» ծրագրի նպատակն է ընդլայնել կրթության հասանելիությունը հակամարտությունների գոտիներում, ինչպիսիք են Կենտրոնական և Հյուսիսային Մալին, որտեղ դպրոցները չէին գործում նույնիսկ համավարակից առաջ, տրամադրելով արեգակնային էներգիայով աշխատող ռադիոընդունիչներ՝ աշակերտների արտադասարանային ուսուցումն ապահովելու համար։
Պատերազմից տուժած շրջաններում, ինչպես նաև Աֆղանստանում, Եմենում, Եթովպիայում տևական ճգնաժամերի պայմաններում «Կրթությունը չի կարող սպասել» ծրագիրը հնարավորություն է ընձեռում միլիոնավոր մարգինալացված երեխաների և դեռահասների համար շարունակել իրենց ուսումը։
«Միացյալ Նահանգները սատարում է «Կրթությունը չի կարող սպասել» ծրագրին 2016 թվականին ստեղծման առաջին իսկ օրից», նշել է Փաուերը։
«Մենք ակնկալում ենք շարունակական համագործակցություն՝ մեծացնելու կրթության հասանելիությունը, բարելավելու ուսուցման արդյունքները և ներգրավելու առավել մարգինալացված աշակերտներին, հատկապես աղջիկներին, փախստականներին, ներքին տեղահանված համայնքներին, գենդերային և սեռական փոքրամասնություններին և հաշմանդամություն ունեցող երեխաներին»։
Որակյալ կրթության հավասար հասանելիության պարագայում արդյունքներն ակնհայտ են՝ ավելի մեծ տնտեսական աճ, առողջապահական ցուցանիշների բարելավում, ավելի ամուր ժողովրդավարական համակարգեր, ավելի խաղաղ ու դիմակայուն հասարակություններ և ավելի առողջ ու հաջողակ երեխաներ։ «Եկեք ջանք չխնայենք, որ աշխարհը բաց չթողնի տաղանդների և ներուժի մի ամբողջ սերունդ», ասել է Փաուերը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։