Դեսպան Թոմաս-Գրինֆիլդի խոսքով՝ «Աֆղան կանայք և աղջիկները կրկին ենթարկվում են գենդերային խտրականության, հետապնդման, սեռական բռնության»։ «Թալիբանը հրապարակել է ավելի քան 80՝ հնադարին բնորոշ հրամանագրեր, որոնցով սահմանափակվում է խոսքի ազատությունը, արգելվում է 12 տարեկանից բարձր աղջիկներին կրթություն ստանալ։ Այսպես կոչված «բարոյականության մասին օրենքների» ներդրման իրական նպատակն է կանանց բացառել հասարակական կյանքից»։
Նման ինստիտուցիոնալացված ճնշումները խարխլում են մարդու իրավունքները և սպառնալիք հանդիսանում Աֆղանստանի անվտանգությանը, կայունությանը և տնտեսությանը։ Իսկ նրանց, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում ի նշան բողոքի, սպառնում են հետապնդումները, ձերբակալությունները և բռնությունները՝ ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։
Միացյալ Նահանգները, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ճապոնիան համատեղ ընդունել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որով կոչ է արվում անհապաղ վերանայել Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքները սահմանափակող քաղաքականությունն ու գործելակերպը, և որը նաև դատապարտում է «Թալիբանի» գործողությունները։
«Սիրիայում 13-ամյա հակամարտությունը սարսափելի վնաս է հասցրել կանանց, որոնք տևական ժամանակ բախվում են գենդերային անհավասարության և խտրական օրենքների»,- ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։ «Սիրիական քաղաքական գործընթացը կարող է կանգ առնել Ասադի ռեժիմի անզիջում դիրքորոշման պատճառով։ Բայց սա է՛լ ավելի հրամայական է դարձնում սիրիացի կանանց կարողությունների և իրավունքների հզորացումը, որոնք կարող են մեզ դուրս բերել այս փակուղուց և տանել դեպի խաղաղություն»։
«Հայտարարում եմ՝ Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ խոցելի կանանց և աղջիկներին աջակցելու համար»,- ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։ «Թեև հակամարտություններն ազդում են կանանց վրա, նրանք առանցքային դեր են խաղում դրանց դադարեցման և կանխարգելման գործում։ Ահա, այս հիմնարար ճշմարտությունն է ընկած «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հիմքում»։
Միացյալ Նահանգները Կանանց խաղաղության և հումանիտար հիմնադրամի երկրորդ ամենախոշոր դոնորն է՝ 2017 թվականից ի վեր հատկացնելով ավելի քան 39 միլիոն դոլար։ ԱՄՆ-ն այլ երկրների հետ համատեղ աշխատում է միջազգային ֆորումներում և խաղաղապահ առաքելություններում՝ գենդերային հավասարության բարձրացման ուղղությամբ։
«Հանուն [այն] դուստրերի, որոնք սակավ իրավունքներ ունեն, քան իրենց մայրերը, հանուն բռնություն վերապրածների, որոնք շարունակում են առաջ շարժվել, և հանուն ակտիվիստների, հիմնարար ազատությունների համար պայքարող խիզախ երիտասարդների, քանի որ նրանք պաշտպանում են ճշմարիտ ուղին։ Եկեք շարունակենք սատարել նրանց»,- հայտարարել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։