Accessibility links

Breaking News

Ռուսաստանը սպասում է հյուսիսկորեական սպառազինության մատակարարմանը


(FILE) Russia's Defense Minister Sergei Shoigu attends a reception hosted by Kim Jong Un.
(FILE) Russia's Defense Minister Sergei Shoigu attends a reception hosted by Kim Jong Un.

Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի, նրա ժողովրդի դեմ, սակայն վերջին շրջանում ավելի ակնառու է, որ ռուսական զինված ուժերի սպառազինությունը չի բավականացնում։

Դատարկվող զինանոցը համալրելու նպատակով՝ Կրեմլը դիմում է այն պետություններին, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատած պատժամիջոցների ներքո են, ինչն արգելում է երկրներին սպառազինություն ձեռք բերել այդ պետություններից։

Օգոստոսի վերջին Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Ռուսաստանի փորձերը՝ զենք-զինամթերք ձեռք բերել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունից (Հյուսիսային Կորեայից):

«Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև սպառազինությունների գնման շուրջ բանակցություններն ընթանում են ողջ թափով։ Ռուսաստանը բանակցություններ է վարում՝ Հյուսիսային Կորեայից զգալի քանակությամբ տարաբնույթ սպառազինության ձեռքբերման նպատակով՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

«Հնարավոր գործարքները կարող են ներառել հումքի մատակարարում՝ նախատեսված ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրի համար։ Նման կերպ Ռուսաստանը խախտելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, այդ թվում՝ այն բանաձևերը, որոնց օգտին Ռուսաստանն ինքն է քվեարկել։ Սպառազինություն ձեռք բերելու հետ կապված ցանկացած նման գործարք կդիտվի բանաձևերի լուրջ խախտում, որոնք միաձայն ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ ԿԺԴՀ-ի կողմից նախկինում իրականացված միջուկային փորձարկումներից և բալիստիկ հրթիռների արձակումներից հետո»։

«Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ Ուկրաինայի դեմ անօրինական պատերազմը շարունակելու համար։ Այժմ անհերքելի ապացույցներ կան, որ Ռուսաստանն Իրանից անօդաչուներ է գնել՝ խախտելով մեկ այլ բանաձև, որին կողմ էր քվեարկել»,- ընդգծել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

«Ռուսաստանն կիրառել է այդ անօդաչուները՝ Ուկրաինայում կարևորագույն ենթակառուցվածքներին հարվածելու համար»։

«Անընդունելի է Ռուսաստանի պահվածքը՝ անտեսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամի իր պարտականությունները, սատարել ավտորիտար վարչակարգերին։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկում՝ բացահայտելով այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց և պատժամիջոցներ կիրառելով նրանց նկատմամբ, որոնք գործում են հոգուտ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև սպառազինության գործարքների կայացման»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը։

«Չենք կարող լռել և չենք լռելու, քանզի ավելի շատ տեղեկություններ ենք ստանում, որ Ռուսաստանը շարունակում է դիմել մեկուսի վարչակարգերին՝ փորձելով ստանալ սպառազինություն՝ իր դաժան, ագրեսիվ պատերազմը շարունակելու համար»։

«Շարունակելու ենք աշխատել մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ԿԺԴՀ-ից, կամ ցանկացած այլ երկրից, որը պատրաստ է աջակցել Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմին, ռազմական տեխնիկա ձեռք բերելու Ռուսաստանի փորձերը բացահայտելու և դրանց հակազդելու ուղղությամբ։ Դա միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող խնդիր է»,- եզրափակել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG