ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով միջոցառումը ղեկավարելու Ռուսաստանի փորձը։ «Ուկրաինայի դեմ իր դաժան ագրեսիվ պատերազմի համատեքստում՝ քննարկման [նման] թեման Ռուսաստանի երեսպաշտության ևս մեկ ակնհայտ դրսևորում է»,- ասված է հայտարարության մեջ։
1959 թվականին Խորհրդային Միությունը Միավորված ազգերի կազմակերպությանը նվիրեց «մարդու բրոնզե արձան, որը իր սուրը վերածում է գութանի՝ փոխակերպելով պատերազմի զենքը ընդհանուրի բարօրության հասնելու միջոցի, նախապատվություն տալով պարենային անվտանգությանն ու գյուղատնտեսության բարգավաճմանը, ոչ թե ավերածությանը»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ «Զավեշտն այն է, որ այսօր այն երկիրը, որը կանգնեցրել է ՄԱԿ-ի իդեալները մարմնավորող այդ արձանը, այժմ ակտիվորեն ներգրավված է իր հարևանի դեմ ագրեսիվ պատերազմում»։
«Պատերազմ, որը պարենը վերածել է զենքի՝ խորացնելով պարենային անապահովության խնդիրը ոչ միայն ուկրաինացիների, այլև տասնյակ միլիոնավոր սոված մարդկանց համար ողջ աշխարհում։
«Պատերազմ, որը լուրջ վնաս է հասցրել Ուկրաինայի էներգարտադրությանը՝ կանգնեցնելով հարյուր հազարավոր մարդկանց ցրտահարման սպառնալիքի առջև այս ձմռանը։
«Պատերազմ, որի հետևանքով զոհվեցին հազարավոր անմեղ մարդիկ, այդ թվում՝ տասնյակ մարդիկ միայն անցած շաբաթ Կիևի մանկական հիվանդանոցում։
«Պատերազմ, որ հանգեցրել է հազարավոր մարդկանց ապօրինի տարհանմանը իրենց տներից՝ ներառյալ երեխաների։
«Պատերազմ, որը ստիպել է Մոսկվային անցնել միջուկային շանտաժի և խախտել միջազգային պատժամիջոցների պարտավորությունները»։
«ՄԱԿ-ի Հյուսիսային բացատում դրսևորած երեսպաշտությունը մի երկրի կողմից, որը որոշել է գութանները վերածել սրերի, կարող է համեմատվել միայն երեսպաշտության հետ, որը նա դրսևորում է այս Խորհրդում այսօր և ամեն օր», ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։
«Այսօր հավաքվել ենք բազմակողմ մոտեցումները սատարելու և բարելավելու պատրվակով՝ վերահաստատելու մեր հավատարմությունը միջազգային իրավունքին։ Այնուամենայնիվ, այս նիստի ընթացքում ևս Ռուսաստանը շարունակում է խարխլել վստահությունը մեր ինստիտուտների նկատմամբ՝ միտումնավոր ու կոպտորեն խախտելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնադրույթները, այն է՝ տարածքային ամբողջականություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք, միջազգային համագործակցությունը»։
«Միացյալ Նահանգները ողջունում է համախմբվելու այս հնարավորությունը՝ քննարկելու միջազգային խաղաղության ու անվտանգության և բազմակողմ համագործակցության այս լուրջ հարցը», նշել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։ «Նույնիսկ եթե այն հրավիրվել է Խորհրդի անդամ երկրի կողմից, որը բազմիցս ցույց է տվել, որ լուրջ չի վերաբերվում այս հարցին»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։