Accessibility links

Breaking News

Ռուսաստանի իրական մոտեցումը տիեզերքում միջուկային զենքի տեղակայման հարցում


Հրթիռ՝ Ռուսաստանի հեռավոր արևելյան Ամուրի շրջանի Վոստոչնի տիեզերակայանում
Հրթիռ՝ Ռուսաստանի հեռավոր արևելյան Ամուրի շրջանի Վոստոչնի տիեզերակայանում

Այս ապրիլի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության դրվեց տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը։ Խորհրդի տասնհինգ անդամներից տասներեքը քվեարկեցին բանաձևի օգտին, Չինաստանը ձեռնպահ է մնաց, միայն Ռուսաստանն էր դեմ։

«Ապրիլի 24-ին Ռուսաստանը վետո կիրառեց մի բանաձևի նկատմամբ, որը կոչված էր վերահաստատել տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխարգելելու պետությունների ընդհանուր նպատակը և կոչ էր անում ուսումնասիրել ու օգտագործել տիեզերական տարածքը՝ խաղաղ նպատակներով»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ հատուկ քաղաքական հարցերով այլընտրանքային ներկայացուցիչ Ռոբերթ Վուդը։

«Այն կոչված էր հաստատել տիեզերքի մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների պարտավորությունները, մասնավորապես՝ Երկրի շուրջ ուղեծրում չտեղակայել միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման ցանկացած այլ տեսակի սպառազինություն կրող օբյեկտներ։ [Այս] պայմանագրին միացել են 115 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը։

Այն նաև կոչ էր անում անդամ պետություններին անգամ չմշակել որևէ միջուկային զենք՝ նախատեսված ուղեծրում տեղակայելու համար։

Եվ այն կնվազեցներ տիեզերքում միջուկային պայթյունի ռիսկը»։

ՄԱԿ-ում Ռուսաստանի կողմից վետոյի կիրառումը հիմնավորող պաշտպանական ճառը պարունակում էր Միացյալ Նահանգների և արևմտյան երկրների հասցեին մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ սպառազինությունների տեղակայման ենթադրյալ ծրագրերի մասին։ Այնուհետև, Ռուսաստանը ներկայացրեց իր սեփական բանաձևը, որը կոչ է անում արգելել ցանկացած զենքի տեղակայումը տիեզերական տարածքում։

Ռուսական բանաձևը «ավելի շուտ ուղղված է անդամ պետությունների պառակտմանը, այլ ոչ՝ միավորմանը»,- նշել է դեսպան Վուդը։

«Անկասկած, այն դիվանագիտական քող է, որի ներքո Ռուսաստանը թաքցնում է իր իրական մտադրությունները։ Ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը արդեն իսկ ուղեծրում ունի մի քանի հակաարբանյակային զենքեր, որոնցից մեկը փորձարկել է 2019 թվականին։ Ավելին, Ռուսաստանը բազմիցս սպառնացել է զենքով թիրախավորել արբանյակները, այդ թվում՝ կոմերցիոնները»։

«Հավաստի տեղեկություններ կան, որ Ռուսաստանը միջուկային սարք կրող նոր արբանյակ է մշակում»,- նշել է դեսպան Վուդը։

«Նախագահ Պուտինը հրապարակավ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք տեղակայել տիեզերքում։ Եթե նման բան լիներ, Ռուսաստանը վետո չէր կիրառի այս բանաձևի առնչությամբ»։

«Ռուսաստանի գործողությունները լուրջ կասկածներ են հարուցում, թե արդյոք նա կկատարի տիեզերքի մասին պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, և մտահոգություններ են առաջացնում, թե ինչ կարող են նշանակել միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ասել է դեսպան Վուդը։

«Ահա, թե ինչու այսօր բոլորիս համար կարևոր է մեր ձայնը բարձրացնել տիեզերքի մասին պայմանագրի ընդունման և ուղեծրում միջուկային զենքի տեղակայման արգելքի օգտին»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG