Accessibility links

Breaking News

Հյուսիսկորեացիների իրավունքների և արժանապատվության խթանմանն ուղղված քայլեր


(FILE) North Korean children stand after snowfall along the banks of the Yalu River.
(FILE) North Korean children stand after snowfall along the banks of the Yalu River.

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կենտրոնական առաջնահերթություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը։

Այս նպատակի համատեքստում Միացյալ Նահանգները և Ալբանիան համատեղ կազմակերպել են ՄԱԿ-ի «Arria-formula» ձևաչափով հանդիպում՝ ուշադրություն հրավիրելու Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում կամ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների համակարգված և համատարած խախտումների վրա։

Հանդիպմանը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը քննարկել է, թե ինչպես է Կիմ Չեն Ընի վարչակարգը հիմնովին ճնշում հյուսիսկորեացիների խոսքի, կրոնի և տեղաշարժի ազատության իրավունքները՝ ինչպես ԿԺԴՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

«Այդպիսի վարքագիծը աղաղակող է և խախտում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»:

Հյուսիսային Կորեայում այս անարդարությունների դեմ արտահայտվելու դեպքում մարդիկ կարող են հայտնվել քաղաքական բանտարկության ճամբարներում։ ԿԺԴՀ-ն շարունակում է այդ ճամբարներում պահել 80,000-ից 120,000 մարդ։ Բանտարկյալները ենթարկվում են մարդու իրավունքների խախտումների, ինչպիսիք են սովը, խոշտանգումները, գենդերային բռնությունը և անմարդկային պայմանները, ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

«Arria» հանդիպմանը հյուսիսկորեացի լքյալ Ջոզեֆ Քիմը պատմել է նախքան փախչելը ԿԺԴՀ-ում իր կյանքի մասին.

«Իմ աչքի առաջ հայրս սովից մահացավ, երբ 12 տարեկան էի… Մորս կորցրեցի Հյուսիսային Կորեայի բանտում։ Այդպես, սիրող ընտանիքի զավակից դարձա անօթևան»։

Նման վկայությունները «լույս են սփռում» ամբողջ աշխարհի համար, նշել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

«Մեր լսած յուրաքանչյուր սարսափելի պատմության կողքին կան անթիվ պատմություններ, որոնց մասին մենք երբեք չենք իմանա։ Դա, իհարկե, կանխամտածված քաղաքականություն է»։

Հյուսիսային Կորեան «ամեն ինչ անում է իր դաժանություններն արտաքին աշխարհից թաքցնելու համար», ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։ «Սակայն կրկին ու կրկին դա նրանց չի հաջողվում»։

«Մենք բոլորս տեսել ենք ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների համակարգային, համատարած և կոպիտ խախտումների ապացույցները՝ ներառյալ ՄԱԿ-ի Հետաքննող հանձնաժողովի զեկույցը և դրանից ի վեր շատ ուրիշ զեկույցներ»։

«Մենք կշարունակենք հանդես գալ ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտումների և միջազգային խաղաղությանը սպառնալիքների դեմ», հայտարարել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ «Նրանք կարող են լռեցնել ԿԺԴՀ-ի ժողովրդի ձայնը, բայց չեն կարող լռեցնել մեզ»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG