Accessibility links

Breaking News

Մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանությունն աշխարհում


Ցուցարարները մասնակցում են 2023 թվականի սեպտեմբերի 16-ին Փարիզում իրանական ռեժիմի դեմ բողոքի ցույցին:
Ցուցարարները մասնակցում են 2023 թվականի սեպտեմբերի 16-ին Փարիզում իրանական ռեժիմի դեմ բողոքի ցույցին:

ԱՄՆ պետքարտուղարության՝ վերջերս հրապարակած մարդու իրավունքների մասին զեկույցները Միացյալ Նահանգների կողմից համընդհանուր իրավունքներին հավատարմությունն ի ցույց դնելու միջոցներից մեկն են՝ հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության Ժողովրդավարության դեսպան Ռոբերտ Գիլքրիսթը։

«Չնայած այն հանգամանքին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, ոչ բոլորն են հարգում այն, և Միացյալ Նահանգները քաջ գիտակցում է, որ այդ իրավունքների պաշտպանությունը հաճախ վտանգավոր է։ Մարդու իրավունքների պաշտպաններն ու քաղաքացիական հասարակության առաջնորդներն ողջ աշխարհում, հաճախ, լուրջ ռիսկի են դիմում՝ հանուն մարդկանց կյանքը բարելավելու։ ... Այս խմբերի անդամները և նրանք, ովքեր պայքարում են հանուն մարդու իրավունքների պաշտպանության, հաճախ ենթարկվում են սպառնալիքների ու հետապնդումների, ձերբակալությունների ու բռնությունների»։


Դեսպան Գիլքրիսթի խոսքով, ապագային ընդառաջ՝ հստակ է, որ «մարդու իրավունքների պաշտպանության և աջակցության գործում ավելի քան երբևէ անհրաժեշտ է ԱՄՆ գլոբալ առաջնորդությունը»։


Ըստ Ռոբերտ Գիլքրիսթի, մարդու իրավունքների մասին զեկույցը յուրաքանչյուր երկրի վերաբերյալ արժանահավատ, մանրակրկիտ հաղորդագրություն է, որն աշխարհին թույլ է տալիս հստակ պատկերացում կազմել մարդու իրավունքների վիճակի մասին՝ երկրագնդի բոլոր անկյուններում, այդ թվում՝ Իրանում։


«Իրանում մարդու իրավունքների մռայլ վիճակը 2023 թվականին շարունակել է վատթարանալ։ [Իրանական] վարչակարգի կողմից ավելի հաճախ են հետապնդումների ենթարկվել կրոնական և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, իրավապաշտպանները, լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ակտիվիստները։ ... Կանանց վիճակը նույնպես շարունակում է վատթարանալ։ Իրանցի կանայք բախվում են աճող խտրականության՝ պարտադիր հանդերձանքը խախտող անձանց նկատմամբ պատիժներն ավելի լայն կիրառելու պատճառով, ինչը հանգեցնում է բողոքի ցույցերի և քաղաքացիական զանգվածային անհնազանդության»։


«Բազմաթիվ [իրանցի] կանայք և իրավապաշտպաններ լրացուցիչ պատժաժամկետներ են ստացել՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Նրանք շարունակում են մնալ ճաղերի հետևում»,- նշել է դեսպան Գիլքրիսթը։


«Իշխանությունները շարունակում են ձերբակալել, դատապարտել և մահապատժի ենթարկել մարդկանց՝ փորձելով ճնշել խաղաղ ցույցերը, որոնք սկսվել են 2022 թվականի սեպտեմբերին՝ Մահսա Ջինա Ամինիի մահից հետո, երբ նա կալանքի տակ էր բարոյականության ոստիկանությունում»։


ԱՄՆ պետքարտուղարությունը վիզաների տրամադրման սահմանափակումներ և տնտեսական պատժամիջոցներ է կիրառել 2022 թվականի հուզումներին հաջորդած բռնաճնշումների համար պատասխանատու Իրանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու նրանց՝ մարդու իրավունքների խախտումների պատճառով։


«Բացահայտելով մարդու իրավունքների իրավիճակը մեզ հակառակորդ և գործընկեր երկրներում, ինչպես նաև աջակցելով իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության խմբերի անձնուրաց ջանքերին, որոնք աշխատում են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը բարելավելու ուղղությամբ, Միացյալ Նահանգները նպաստում է այնպիսի աշխարհի ստեղծմանը, ուր այդ իրավունքներն ավելի լավ պաշտպանված կլինեն բոլորի համար»,- եզրափակել է դեսպան Գիլքրիսթը։


Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG