Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցները ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ


Այս շաբաթ ԱՄՆ-ն մեր դաշնակիցների և գործընկերների հետ ինտենսիվ դիվանագիտական ջանքեր է նախաձեռնել՝ թուլացնելու լարվածությունը, որը Ռուսաստանը ստեղծել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի զանգվածային կուտակմամբ:

Միացյալ Նահանգները երկկողմանի հանդիպում է անցկացրել Ռուսաստանի հետ Ռազմավարական կայունության շուրջ երկխոսության արտահերթ նիստում, ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանի հետ քննարկումներ են անցկացրել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի շրջանակներում, ինչպես նաև Միացյալ Նահանգները մասնակցել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մշտական խորհրդի նիստին։ Այս շաբաթվա հանդիպումների ընթացքում ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, շեշտադրել է դիվանագիտական լուծում գտնելու կարևորությունը և կոչ արել Ռուսաստանին թուլացնել լարվածությունը։

«Ռուսաստանը 100,000-ից ավելի զինծառայողներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով», ասել է փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը, որը ներկայացնում էր Միացյալ Նահանգները Երկխոսության ժամանակ։ Այնուամենայնիվ, «Մոսկվան պնդում է, որ ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է ձգտում հակամարտության և դիմում սադրիչ քայլերի»։ Կարևոր է նշել, որ 2014 թվականին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի Ղրիմ թերակղզին և շարունակում է դրա բռնագրավումը։

Դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի կողմից ներկայացված երկու պայմանագրերի նախագծերի առնչությամբ. «Մենք հաստատակամորեն մերժել ենք անվտանգության առաջարկները, որոնք ի սկզբանե ընդունելի չեն Միացյալ Նահանգների համար», նշել է փոխպետքարտուղար Շերմանը։

«Մենք ոչ ոքի թույլ չենք տա փակել ՆԱՏՕ-ի «Բաց դռների» քաղաքականությունը, որը միշտ առաջնահերթ նշանակություն է ունեցել ՆԱՏՕ-ի համար», ասել է նա։ «Մենք չենք հրաժարվի երկկողմ համագործակցությունից ինքնիշխան պետությունների հետ, որոնք ցանկանում են աշխատել Միացյալ Նահանգների հետ։ Եվ մենք որոշումներ չենք կայացնի ո՛չ Ուկրաինայի հարցով՝ առանց Ուկրաինայի, ո՛չ Եվրոպայի հարցով՝ առանց Եվրոպայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի հարցով՝ առանց ՆԱՏՕ-ի։ Ինչպես մենք ասում ենք մեր դաշնակիցներին և գործընկերներին, «առանց ձեզ՝ ոչինչ ձեր մասին»։

Այդուհանդերձ, «Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, … որ Միացյալ Նահանգների համար ողջունելի կլինի դիվանագիտության միջոցով իրական առաջընթացը։ Մենք նաև շեշտել ենք, որ իրական առաջընթացը հնարավոր է միայն լարվածության թուլացման, այլ ոչ թե լարվածության պայմաններում», ասել է փոխքարտուղար Շերմանը։

«Եթե Ռուսաստանը մնա բանակցությունների սեղանի շուրջ և կոնկրետ քայլեր ձեռնարկի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, կարծում ենք՝ կարող ենք առաջընթացի հասնել», հայտարարել է նա։ «Սակայն եթե Ռուսաստանը հեռանա դիվանագիտական ուղուց, միանգամայն ակնհայտ կդառնա, որ նրանք երբեք լուրջ տրամադրված չեն եղել դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»։

«Մենք հստակ նշել ենք, որ եթե Ռուսաստանը շարունակի հետագա ներխուժումը Ուկրաինա, դա կհանգեցնի շատ ավելի լուրջ հետևանքների, որոնց այն բախվել է 2014 թվականին», նշել է փոխպետքարտուղար Շերմանը։

Նրա խոսքերով՝ «Հետևանքները կներառեն ֆինանսական պատժամիջոցներ, որոնք, ինչպես հաղորդվել է, կվերաբերեն կաևորագույն ֆինանսական հաստատություններին, առանցքային ոլորտներին ուղղված արտահանման վերահսկողությանը, դաշնակցային տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացմանը և անվտանգության ոլորտում Ուկրաինային հատկացվող աջակցության մեծացմանը։

«Ռուսաստանը պետք է լրջամիտ ընտրություն կատարի», ասել է փոխպետքարտուղար Շերմանը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG