Նա ընդգծել է լրատվական ոլորտի երեք ընդհանուր մարտահրավերները և թե ինչ է անում Միացյալ Նահանգները դրանց դեմ պայքարելու համար։
Ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով Պետքարտուղարությունը գործարկել է Ամերիկաների թվային հաղորդակցման ցանցի առաջին կենտրոնը։ Դա լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների ցանց է, որը հնարավորություն է տալիս համատեղ ջանքերով պայքարել պետական քարոզչության դեմ և հակազդել դրան։ Այն նաև կանդրադառնա լրագրողների անվտանգության խնդրին։
Մեկ այլ մարտահրավեր է շարունակական սպառնալիքները, ոտնձգությունները և բռնությունը, որոնց բախվում են մամուլի ներկայացուցիչները ամբողջ կիսագնդում, ասել է պետքարտուղար Բլինքենը.
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Լրագրողների սպանությունների դիտարանի տվյալներով՝ այս տարվա ընթացքում առնվազն 17 լրագրող է սպանվել այս կիսագնդում, այդ թվում՝ բոլորովին վերջերս Մեքսիկայի Վերակրուս նահանգում գտնվող El Veraz լրատվական կայքի տնօրեն Եսենիա Մոլինեդոն և թղթակից Շեյլա Յոհանա Գարսիան, որոնք գնդակահարվել են մայիսի 9-ին։ Աշխարհում սա ամենավտանգավոր տարածաշրջանն է լրագրողների համար»։
Պետություններն օգտագործում են օրենսդրական լծակներ՝ ճնշելու խոսքի ազատությունը, ինչպես վկայում է Սալվադորի կողմից գարնանն ընդունված սահմանափակումների վերջին ցանկը։
Կուբայում, Նիկարագուայում, Վենեսուելայում սովորական լրագրողական հետաքննություն իրականացնելը հանցագործություն է։
Ի պատասխան՝ Միացյալ Նահանգներն աշխատում է ամբողջ տարածաշրջանում՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և դատավորներին ու դատախազներին վերապատրաստելու՝ նման հարձակումները հետաքննելու և հետապնդելու համար։
ԱՄՆ ՄԶԳ-ն մինչև 9 միլիոն դոլար կտրամադրի Լրագրողների զրպարտությունից պաշտպանության գլոբալ հիմնադրամին, որը կփոխհատուցի անարդար դատավարություններից տուժած լրագրողների և լրատվական կազմակերպությունների կրած վնասները։ Իսկ Պետքարտուղարությունը մինչև 3,5 միլիոն դոլար կներդնի Լրագրության պաշտպանության հարթակ գործարկելու նպատակով, որը կպաշտպանի և կվերապատրաստի սպառնալիքի տակ գտնվող լրագրողներին։
Երրորդը, ԱՄՆ-ն աշխատում է անկախ լրատվամիջոցներն ավելի կայուն դարձնելու ուղղությամբ, ասել է պետքարտուղար Բլինքենը.
«Մենք 30 միլիոն դոլար ենք հատկացրել Հանրային հետաքրքրության լրագրության միջազգային հիմնադրամին, որը աջակցություն կցուցաբերի սուղ ռեսուրսների և անկայունության պայմաններում գործող լրատվամիջոցներին և 5 միլիոն դոլար կհատկացնի անկախ լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը բարելավելու համար»։
Պետքարտուղար Բլինքենի խոսքերով՝ Արևմտյան կիսագնդում ազատ և անկախ մամուլն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ՝ «ի բարօրություն մեր ժողովրդի, մեր համայնքների և մեր ժողովրդավարական երկրների»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
«Ազատ արտահայտվելու իրավունքը, այդ թվում՝ մամուլի ազատությունը, լուրջ մարտահրավերների է բախվում մեր իսկ կիսագնդում և ամբողջ աշխարհում», հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոս Անջելեսում Ամերիկաների գագաթնաժողովի շրջանակներում մամուլի ազատությանը նվիրված միջոցառման ժամանակ։