Accessibility links

Breaking News

Ուկրաինան ժողովրդավարության իրավունք ունի


1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինան հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից և սկսեց ինքնուրույն կերտել իր ապագան։

Այդուհանդերձ, Ռուսաստանը հրաժարվում է ճանաչել Ուկրաինան՝ որպես ինքնիշխան պետություն, և վերաձևում է այդ երկրի տարածքը, խարխլում նրա ինստիտուտները, սաբոտաժի ենթարկում կամ կաշառում նրա առաջնորդներին և փորձում է թելադրել իր արտաքին քաղաքականությունը՝ արգելափակելու Եվրոպայի և Արևմուտքի հետ է՛լ ավելի ինտեգրվելու ուկրաինացիների անկեղծ նկրտումները։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը տարիներ շարունակ քայլեր է ձեռնարկել Ուկրաինային՝ որպես ինքնիշխան ժողովրդավարական պետություն, գործելու հնարավորությունից զրկելու ուղղությամբ։

2014 թվականին ուկրաինացի ժողովուրդը պաշտոնանկ արեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որը նախընտրեց հրաժարվել Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի պլանավորված ստորագրումից և փոխարենը աջակցել Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդմանը։ Այնուհետև Ռուսաստանը ներխուժեց և բռնագրավեց ուկրաինական Ղրիմ թերակղզին։ Այն նաև «անջատողական» ապստամբության քողի ներքո փորձեց գրավել Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերը։

«Ուկրաինայում չկա այնպիսի ոլորտ կամ հատված, որտեղ մարդիկ չբախվեն Ռուսաստանի չարամիտ գործունեությանը», ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մոսկվան փորձել է խարխլել Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտները, միջամտել է ուկրաինական քաղաքականությանը և ընտրություններին, արգելափակել է էներգետիկան և առևտուրը՝ Ուկրաինայի առաջնորդներին ահաբեկելու և քաղաքացիների վրա ճնշում գործադրելու նպատակով, օգտագործել է քարոզչություն և ապատեղեկատվություն՝ անվստահություն սերմանելու համար, և նախաձեռնել է կիբերհարձակումներ երկրի կարևոր ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված արշավն անողոք է եղել»։

Ռուսաստանի և նրա դաշնակից Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանների մոտ կենտրոնացնելով 100 հազար ռուս զինծառայող՝ «Ռուսաստանը պատրաստ է է՛լ ավելի հեռուն գնալ», նշել է պետքարտուղար Բլինքենը։

«Ռուսաստանն իր գործողություններն արդարացնում է, պնդելով, որ Ուկրաինան ինչ-որ կերպ սպառնալիք է ներկայացնում իր անվտանգության համար։ Դա գլխիվայր շրջում է իրականությունը։ Ո՞ւմ զորքերն են շրջապատում և ո՞ր երկիրն է բռնի ուժով գրավել մյուսի տարածքը։ Ո՞ւմ բանակն է մի քանի անգամ գերազանցում մյուսին։ Ո՞ր երկիրն ունի միջուկային զենք։ Ուկրաինան այս դեպքում ագրեսոր չէ. Ուկրաինան պարզապես փորձում է գոյատևել»։

«Միջազգային խաղաղության և անվտանգության գլխավոր սկզբունքները, որոնք հաստատվել են երկու համաշխարհային պատերազմներից և սառը պատերազմից հետո, որևէ երկրի իրավունք չեն տալիս հարկադրաբար փոխել մեկ այլ երկրի սահմանները, թելադրել մեկ այլ երկրի իր վարած քաղաքականությունը կամ կատարած ընտրությունը, այդ թվում՝ ում հետ դաշնակցել, կամ իր ազդեցության ոլորտը տարածել հարևան ինքնիշխան պետությունների վրա՝ իր կամքին հպատակեցնելու համար», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

«Խոսքը միայն հնարավոր ներխուժման և պատերազմի մասին չէ։ Հարցականի տակ է դրվում Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան պետություն գոյություն ունենալու իրավունքը։ Հարցականի տակ է դրվում Ուկրաինայի՝ որպես ժողովրդավարական երկիր լինելու իրավունքը», հավելել է նա։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG