Accessibility links

Breaking News

ՄԱԿ-ը կոչ է արել Ռուսաստանից փոխհատուցում պահանջել Ուկրաինային հասցված վնասի համար


2022 թվականի փետրվարին Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերից ռուսական ուժերը հարվածներ են հասցրել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ վնասելով բնակելի շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, էլեկտրական ցանցեր և ջրամատակարարման համակարգեր։

Այդ դաժան հարձակումները հանգեցրել են անհամար զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում և Ուկրաինայի համար զգալի տնտեսական վնասի։

Նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին միջազգային իրավունքը խախտելու համար, որը ենթադրում է նաև իրավական հետևանքներ Ուկրաինայում իր միջազգայնորեն անօրինական գործողությունների համար։ Բանաձևում շեշտվում է հասցված վնասների, մարդկային կորուստների և վնասվածքների համար Ռուսաստանից փոխհատուցման միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը և առաջարկվում է ստեղծել վնասի ռեգիստր՝ ապացույցների և պահանջների փաստաթղթավորման համար։

«Ռուսաստանի կործանարար հարվածները խոցում են Ուկրաինայի քաղաքներն ու գյուղերը՝ ... պատճառելով կենսական կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների զգալի ավերածություններ ձմեռամուտին», ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլսը իր բացատրության մեջ, թե ինչու է Միացյալ Նահանգները կողմ քվեարկել իրավաբանորեն ոչ պարտադիր բանաձևին։

«Ռուսաստանի կողմից իր հարևան և ՄԱԿ-ի անդամ երկիր չհրահրված ու անօրինական ներխուժման ահագնացող հետևանքները, այդ թվում՝ սոսկալի մարդկային զոհերը, ահռելի են։ Այսօրվա դրությամբ՝ հազարավոր սպանվածներ, միլիոնավոր տեղահանվածներ և անասելի թվով անհետ կորածներ։ Բազմապատկվում են հաղորդումները վայրագությունների և այլ բռնությունների, այդ թվում՝ բռնի արտաքսման, իրենց ընտանիքներից երեխաների կանխամտածված բաժանման ու առևանգման և Ռուսաստանում բռնի որդեգրման մասին, խոշտանգումների և ծննդատների ռմբակոծությունների մասին»։

«Վնասի ռեգիստր ստեղծելու առաջարկությունը կարևոր քայլ է պահանջների քննարկման հնարավոր մեխանիզմ ձևավորելու ուղղությամբ՝ ամբողջ ծավալով գնահատելու հսկայական կորուստները, որոնք հասցվում են Ուկրաինային և նրա ժողովրդին այս անտեղի պատերազմի հետևանքով», ասել է դեսպան Միլսը։

«Ուկրաինան մի օր կվերականգնվի. դա այստեղ չի քննարկվում։ Հարցը հրամայականն է՝ ուղղված մեզ, միջազգային հանրությանը, որ մեղավորին պետք է պատասխանատվության ենթարկել այս անհարկի ավերածությունների համար։ Պատասխանատվությունը այս պատերազմի ցանկացած հնարավոր կարգավորման կարևոր բաղադրիչ է։ Այս բանաձևի ընդունումը նաև զսպող գործոն է միջազգային խաղաղության և անվտանգության ապագա խախտումների դեմ, ինչպես նաև օգնում է հասնել հաշտեցման»։

«Միջազգային հանրությունը պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկի Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարման, ինչպես նաև պատճառած վնասների և Ուկրաինայի ժողովրդի դեմ կատարած բռնությունների համար», ասել է դեսպան Միլսը։ «Այս բանաձևը կարևորագույն քայլ է պատասխանատվության ճանապարհին»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG