Accessibility links

Breaking News

Նախագահի անարդար ընտրություններ` Բելառուսում


Բելառուսի երկարամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 1994 թվականից ի վեր ղեկավարում է երկիրը, հերթական անվերապահ հաղթանակն է տարել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 80 տոկոսը։ Ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեն Բելառուսի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնցից շատերը դուրս են եկել փողոց՝ պնդելով, որ իրենց ձայները կեղծված են։ Ի պատասխան բողոքի ակցիաների՝ իշխանությունները բիրտ ուժ են կիրառել՝ ծեծելով, ձերբակալելով և կալանավորելով հազարավոր ցուցարարների, լրագրողների և ընդդիմության անդամների։ Հայտնի է առնվազն չորս զոհի մասին։

Ընտրություններից հետո Բելառուսի ընդդիմադիր առաջնորդներից երկուսը փախել են երկրից, այդ թվում՝ ընդդիմության առաջատար թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը առաջադրվել էր ամուսնու՝ քաղաքական բլոգեր Սերգեյ Տիխանովսկիի բանտարկումից և նախագահական մրցավազքից դուրս մնալուց հետո։

Բողոքի ցույցերը շարունակվում են Բելառուսի մի շարք քաղաքներում։ Օգոստոսի 16-ին Մինսկում հավաքվել էր ավելի քան 100 հազար ցուցարար, ինչը աննախադեպ էր Բելառուսում։ Ցուցարարներից շատերը «Կանայք սպիտակ հագուստով» շարժման անդամներն են, որոնք բողոքում են բռնաճնշումների դեմ և կոչ անում ազատել ոստիկանության կողմից ձերբակալված իրենց հարազատներին։
Սպիտակ հագուստով և ծաղիկներով կանանց բողոքի շարժումը Մինսկում սկսվել է անցյալ շաբաթ։ Նմանօրինակ ակցիաներ տեղի են ունեցել նաև Գերմանիայում, Լեհաստանում, Բելգիայում, Ուկրաինայում և Ռուսաստանում։

Ընտրությունների հանդեպ Բելառուսի ժողովրդի արձագանքից ակնհայտ է, որ նրանք փափագում են մի բանի, որը Ալեքսանդր Լուկաշենկոն չի ապահովել իր իշխանության երկուսուկես տասնամյակների ընթացքում։ Միջազգային հանրությունը լսել է բելառուս ժողովրդի ձայնը և սատարում է նրանց ժողովրդավարական ձգտումները։

Միացյալ Նահանգները, ինչպես և եվրոպական երկրները խորը մտահոգություն են հայտնել Բելառուսի ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք ազատ և արդար չեն եղել, ինչպես նաև հետագա բողոքի ցույցերին իշխանութան բռնի արձագանքի, լրագրողների ակնհայտ թիրախավորման, ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի և ինտերնետի խափանման վերաբերյալ։
Լեհաստան կատարած իր վերջին այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Փոմփեոն ասել է. «Ընդհանուր նպատակն է սատարել բելառուս ժողովրդին սեփական ինքնիշխանության, սեփական ազատության հասնելու գործում, կառուցել այն, ինչ պահանջում են բողոքի ցույցերի մասնակիցները։ Այս մարդկանց պահանջը շատ պարզ է․ ինչպես յուրաքանչյուր անձ, նրանք ցանկանում են ունենալ սեփական կառավարության բնույթն ինքնուրույն որոշելու իրավունք։ Ուստի կոչ ենք անում Բելառուսի ղեկավարությանն ընդլայնել քաղաքական երկխոսության շրջանակը՝ փոխգործակցելով քաղաքացիական հասարակության հետ այնպես, որպեսզի արտացոլի բելառուս ժողովրդի պահանջած հիմնական սկզբունքները»։

XS
SM
MD
LG