Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 1948 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման՝ մարդկության անօտարելի իրավունքները հռչակող առաջին գլոբալ փաստաթղթի։
Երկրորդ աշխարհամարտի ավարտից ընդամենը երեք տարի անց Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան, դեռևս ցնցված քաղաքացիական բնակչության դեմ իրականացված զարհուրելի հանցագործություններից, մարդու համընդհանուր իրավունքների կոդիֆիկացիան դարձրեց գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Վերջնական տեսքով Հռչակագիրը հիմնված է այն հիմնադրույթի վրա, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, ինչպես բացահայտորեն ամրագրված է Հռչակագրի առաջին հոդվածով։
Հռչակագիրը, որն ուժի մեջ է մտել 1950 թվականին, խթանել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային բիլլի մշակումը։
1950 թվականից ի վեր դեկտեմբերի 10-ը ամեն տարի նշվում է որպես Մարդու իրավունքների օր՝ ի հիշատակ այն ժամանակ դեռևս նորաստեղծ Միավորված ազգերի կազմակերպության այս կարևոր նվաճման։ Այս օրը նաև Խաղաղության Նոբելյան մրցանակը պաշտոնապես հանձնվում է տվյալ տարվա դափնեկրին։ Ամեն տարի տոնակատարումը նվիրված է մարդու իրավունքների որևէ ասպեկտի։ Այս տարվա թեման է՝ «Արժանապատվություն, ազատություն և արդարություն բոլորի համար»։
Նախագահ Ջո Բայդենը վերջերս անդրադարձել է այս փաստաթղթի հիմնարար բնույթին։ «[Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը] ամրագրում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, որոնք ներհատուկ են բոլոր մարդկանց՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք, ծագումով որտեղից են կամ ում են սիրում։ Դա հիմնարար
փաստաթուղթ է, որով հռչակվում է մի ճշմարտություն, որը շատ հաճախ անտեսում են կամ արհամարհում՝ որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար արժանապատվությամբ և իրավունքներով։ Այս համընդհանուր իդեալի ակունքներից են ծլարձակել մարդու իրավունքների մասին որակապես նոր պայմանագրերը և գլոբալ հանձնառությունը՝ առաջ մղելու հավասարությունն ու արժանապատվությունը բոլորի համար՝ որպես ազատության, խաղաղության և արդարության հիմք»։
«Որպես համաշխարհային հանրություն՝ մենք դեռ չենք հասել այդ նպատակին, և մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ պատմության ընթացքն ավելի մոտեցնելու արդարությանը և ընդհանուր արժեքներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», հայտարարել է նախագահ Բայդենը։ «Այնպես, ինչպես մենք Երկրորդ աշխարհամարտից հետո հանդես եկանք մարդու համընդհանուր իրավունքների ճանաչման օգտին, այսօր ևս Միացյալ Նահանգները մնում է անդրդվելի մեր հանձնառության մեջ՝ առաջ մղելու մարդու իրավունքները բոլոր մարդկանց համար և առաջնորդելու ոչ թե մեր զորության օրինակով, այլ մեր օրինակի զորությամբ»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների համաշխարհային օրը։