Accessibility links

Breaking News

Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը 2023 թվականին


(FILE) A man carries a container with water he collected from a mountain runoff.
(FILE) A man carries a container with water he collected from a mountain runoff.

Մարտի 22-ը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն է, որը կոչված է մարդկության ուշադրությունը հրավիրելու մաքուր ջրի, սանիտարական պայմանների ապահովման և քաղցրահամ ջրային ռեսուրսների կայուն կառավարման անհրաժեշտության վրա։

Այս տարվա թեման նվիրված է ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման գլոբալ ճգնաժամի լուծմանն ուղղված փոփոխությունների արագացմանը։ Դա ընդգծում է այն փաստը, որ Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման վեցերորդ նպատակին հասնելու համար ժամանակը սպառվում է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերջերս թվիթերում գրել է. «Աշխարհը ցավալիորեն շեղվել է մինչև 2030 թվականը բոլորի համար ջրի և սանիտարական պայմանների հասանելիության մեր նպատակին հասնելու ուղուց։ Միլիարդավոր մարդիկ դեռևս չունեն անվտանգ ջուր և զուգարաններ»։

Հիրավի, Աշխարհում խմելու ջրի վիճակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ այսօր աշխարհի բնակչության մոտ մեկ քառորդի համար մատչելի չեն անվտանգ կառավարվող խմելու ջրի ծառայություններ։ Դա նշանակում է, որ աշխարհում ավելի քան երկու միլիարդ մարդ չունի մաքուր, թարմ խմելու ջրի կամ պատշաճ սանիտարական պայմանների հասանելիություն։

«Ջրի շրջապտույտի խաթարումը խոչընդոտում է առաջընթացը բոլոր հիմնական գլոբալ խնդիրների ուղղությամբ՝ առողջապահությունից մինչև սով, գենդերային հավասարությունից մինչև աշխատատեղեր, կրթությունից մինչև արդյունաբերություն, աղետներից մինչև խաղաղություն», հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անցյալ տարվա հոկտեմբերին։ Ջրի անվտանգության և սանիտարահիգիենիկ պայմանների ոլորտում ներդրումները կարևոր նշանակություն ունեն համաշխարհային զարգացման գրեթե բոլոր ասպեկտներում առաջընթացի համար։

Այնուամենայնիվ, ամենահիմնական մակարդակում խոսքը ոչ միայն առաջընթացի, այլև կյանքեր փրկելու և բարելավելու մասին է։ Ամեն տարի մոտ 830,000 մարդ մահանում է ջրի հետ կապված աղիքային հիվանդություններից։ Նրանցից շատերը, եթե ոչ մեծ մասը, մինչև հինգ տարեկան երեխաներ են։ Անվտանգ ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հուսալի հասանելիության դեպքում գրեթե բոլոր այդ մահերը հնարավոր կլիներ կանխել։

Իր հերթին, Միացյալ Նահանգները հոկտեմբերին հրապարակել է երկրի գլոբալ ջրային ռազմավարությունը 2023 ֆինանսական տարուց սկսած հնգամյա ժամանակահատվածի համար։ Աշխատելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով՝ Միացյալ Նահանգների կառավարությունը առաջադրել է 22 առաջնահերթ երկրներ՝ ներկայիս մարտահրավերների պայմաններում ջրային ռեսուրսների տեսակետից ավելի անվտանգ աշխարհ ստեղծելու համար։ Միացյալ Նահանգները հուսով է հասնել իր հնգամյա նպատակին՝ ուղղակիորեն երաշխավորելու, որ 22 միլիոն մարդ կարողանա օգտվել ջրամատակարարման ծառայություններից և 22 միլիոն մարդ կարողանա օգտվել սանիտարահիգիենիկ ծառայություններից, ընդ որում՝ նրանց կեսը պետք է լինեն մարդիկ, որոնց նախկինում երբեք հասանելի չեն եղել այդ ծառայությունները։

«Մերօրյա աշխարհն ավելի փոխկապակցված և փոխկախված է, քան երբևէ», ասել է փոխնախագահ Քամալա Հարիսը։ «Ջրի սակավությունը գլոբալ խնդիր է, և այն պետք է գլոբալ լուծում ստանա»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG