Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն վերադառնում է դեպի Փարիզի կլիմայական համաձայնագրին


Նախագահի պաշտոնում իր առաջին քայլերից մեկով Ջո Բայդընը ստորագրել է կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրին Միացյալ Նահանգների վերադարձի մասին գործադիր հրամանը։

Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում կայացած ՄԱԿ-ի կլիմայական հարցերով համաժողովին։ Այն ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 4-ին, և 2021 թվականի հունվարի 25-ի դրությամբ Համաձայնագրին միացել են 190 կողմ երկրներ։ Փարիզի համաձայնագրով ստեղծվում է մոլորակի հնարավոր աղետալի ջերմացման կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողությունների աննախադեպ շրջանակ՝ ապահովելով գլոբալ կայունություն կլիմայի ազդեցությունների նկատմամբ, որոնց արդեն իսկ բախվում ենք։

Համաձայնագրի նպատակն է թույլ չտալ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանից ավելի՝ մինչ արդյունաբերական դարաշրջանի ցուցանիշի համեմատ՝ միաժամանակ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը մինչև այս դարավերջ։ Դա այն կետն է, որից հետո, ըստ մի շարք գիտնականների կանխատեսումների, կլիմայի փոփոխության հետևանքները միայն կաճեն, ներառյալ՝ օվկիանոսի մակարդակի աղետալի բարձրացումը և ուժեղ փոթորիկների, երաշտների և անտառային հրդեհների տարածումը։

Նախագահ Բայդընը հստակ նշել է, որ իր վարչակարգի գերակայություններից մեկը լինելու է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Ըստ այդմ՝ Փարիզի համաձայնագրին վերադարձը եղել է Բայդընի նախընտրական առանցքային խոստումներից մեկը։ Իր երդման խոսքում նա նշել է. «Մոլորակն ինքն է աղաղակում իր գոյատևման մասին, և այդ ճիչն այժմ ավելի քան հուսահատ և հստակ է»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ Փարիզի համաձայնագրին կրկին անդամակցումը նախագահ Բայդընի առավել ընդգրկուն ծրագրի մաս է կազմում, այն է. «Վերականգնել մեր գործընկերային հարաբերություններն ու դաշինքները ամբողջ աշխարհում և Ամերիկայի տեղը համաշխարհային սեղանի շուրջ։ Դրա մասին են վկայում Փարիզի կլիմայական համաձայնագրին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը նորից միանալու, ինչպես նաև գործընկերների և դաշնակիցների հետ համագործակցելու, մեր առջև ծառացած բազմաթիվ սպառնալիքները և խնդիրները միասին հաղթահարելու Բայդընի ծրագրերը»։

Բացի այդ, Բայդընը պատմության մեջ առաջին անգամ նշանակել է կլիմայական հարցերով նախագահական հատուկ դեսպանորդ նախկին պետքարտուղար Ջոն Քերիին՝ երաշխավորելու կլիմայական խնդիրների ներկայացվածությունը ամենուր, ներառյալ՝ Սպիտակ տան օպերատիվ խորհրդակցությունների դահլիճում։ Նա կգլխավորի կլիմայի ոլորտում ԱՄՆ-ի առաջնորդության վերականգնմանը և կլիմայական խրթին մարտահրավերը հաղթահարելու համար գլոբալ հավակնությունների բարձրացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։

Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը,ողջունում են Միացյալ Նահանգների վերադարձը Փարիզի համաձայնագրին. «Մենք միասին ենք։ Մենք ավելի ուժեղ կլինենք՝ դիմակայելու մեր ժամանակի մարտահրավերները, ավելի ուժեղ` կառուցելու մեր ապագան, վելի ուժեղ՝ պաշտպանելու մեր մոլորակը», գրել է նա իր թվիթերյան էջում։ «Բարի գալուստ Փարիզի համաձայնագիր»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG