Պոլիոմելիտը մարդուն կաթվածահար անող եւ մահացու հիվանդություն է, որը որպես վարակիչ հիվանդություն տարածվում է պոլիովիրուսի միջոցով: Այն գրոհում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը եւ կարող է մի քանի ժամվա ընթացքում մարդուն ենթարկել լիակատար կաթվածի: Այս հիվանդությամբ վարակվում են բոլոր տարիքի մարդիկ: Սակայն ամենամեծ վտանգն այս հիվանդությունը հարուցում է հինգ տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաներին:
Պոլիոմելիտի տարածումը կարելի է կանխել պատվաստանյութերի միջոցով, սակայն վարակվելուց հետո բժիշկները չունեն բուժման որեւէ միջոց:
USAID-ի կողմից հատկացված գումարներով 1994 թվականին արդեն հնարավոր եղավ պոլիոմելիտը վերացնել Ամերիկա մայրցամաքում, 2000-ին այն վերացվեց Խաղաղ օվկինոսի արեւմտյան կողմի կղզիներում, 2002-ին` Եվրոպայում, 2014 թվականին` Հարավարեւելյան Ասիայում: Չորս տարի անընդմեջ պոլիոմելիտի նոր որեւէ դեպք չգրանցվելուց հետո, այս տարվա օգոստոս ամսին Աֆրիկան հայտարարվեց այս հիվանդությունից փրկված մայրցամաք:
Պոլիոմելիտն այսօր արմատախիլ է արված 99.9 տոկոսով, եւ միայն Աֆղանստանում ու Պակիստանում այսօր կարելի է հանդիպել այս հիվանդության տարածման դեպքեր:
Առողջապահության բնագավառի բազում կազմակերպությունների, ղեկավար անձանց ու կամավորների հետ համագործակցելով եւ այս հիվանդությունն արմատախիլ անելու ջանքերով ԱՄՆ-ի Միջազգային զարգացման ծրագիրը (USAID) օգնել է, որպեսզի ամեն տարի պատվաստումների ենթարկվի մոտ 400 միլիոն երեխա: Այսօր մոտ 19 միլիոն երեխա կարողանում է քայլել, որոնք պատվաստումների չենթարկվելու դեպքում կլինեին կաթվածահար: Ըստ հաշվարկների, առանց այդ պատվաստումների պոլիոմելիտին զոհ գնացած կլիներ ավելի քան 1 կես միլիոն երեխա:
2020 թվականին, երբ աշխարհը շարունակում է պայքարն ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի եւ աշխատանքներ տանում դրա դեմ պատվաստանյութ ստանալու ուղղությամբ, նույն աշխարհը նշում է պոլիոմելիտի դեմ պայքարի գրեթե վերջնական փուլը:
USAID-ը ու նրա գործընկեր կազմակերպությունները ծրագրում են, պոլիոմելիտը վերացնելու ճանապարհին ստացած դասերը ու հաստատված ենթակառուցվածքները կիրառելով, պայքարել կորոնավիրուսի նոր համաճարակի դեմ եւ հանուն` հնարավոր վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման: