Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ի կառավարությունը մտահոգված է Բելառուսում ընդդիմության առաջնորդների ու ցույցերի մասնակիցների դեմ իրականացվող գործողություններով


Բելառուսում օգոստոսի 9-ի կեղծված ընտրություններից հետո, որի արդյունքում նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Լուկաշենկոն, քաղաքական անհանգստությունները շարունակվում են:

Քաղաքական ընդդիմության անդամները հաստատել են Ազգային համակարգող խորհուրդ, որի նպատակը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու եւ իշխանությունը փոխանցելու հարցերով երկրի ղակավարների հետ բանակցելն է:

Սակայն բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու փոխարեն, Լուկաշենկոյի վարչակարգը սկսել է հետաքննություն այս խորհրդի դեմ` ձերբակալելով, երկրից արտաքսելով կամ առեւանգելով նրա անդամներին:

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ազգային համակարգող խորհրդի անդամ Մարիա Կալեսնիկավային Մինսկում սեպտեմբերի 7-ին առեւանգելու, խորհրդի խոսնակ Անտոն Ռոդնենկոյին եւ գործադիր քարտուղար Իվան Կրավցովին հաջորդ օրը բռնությամբ արտաքսելու փաստով: Սեպտեմբերի 9-ին այստեղ ձերբակալվել է նաեւ խորհրդի անդամներից Մաքսիմ Զնակը:

Միացյալ Նահանգները ողջունում է իրենց ղեկավարներին ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ընտրելու համար խաղաղ պայքար ծավալելու Կալեսնիկավայի եւ բելառուս ժողովրդի խիզախությունը: Սակայն պախարակելի են կառավարության կողմից բիրտ ուժի կիրառումն ու ճնշամիջոցները, որոնց ընթացքում դաժան ծեծի են ենթարկվել մեծաթիվ մարդիկ, ձերբակալվել` հազարավոր այլոք, առեւանգվել` մի քանի մարդ:

Սեպտեմբերի 7-ից սկսյալ անվտանգության ուժերի կողմից իրականացված բռնամիջոցների թիրախ դարձան համալսարանների ուսանողները: Սեւ համազգեստներով ու դեմքը ծածկող դիմակներով ոստիկանները մի շարք ուսանողների պարտադրաբար նստեցնում էին առանց տարբերանշանների ավտոմեքենաներ ու տանում անհայտ ուղղությամբ:

Ամերիկայի Միացյալ Նահանգները, իր դաշնակից պետությունների հետ համաձայնեցված, քննարկում է այն անձանց դեմ պատժամիջոցներ սկսելու հարցը, որոնք ներգրավված են Բելառուսում մարդու իրավունքները ոտանահարելու գործողություններում: ‘Բելառուսի իշխանություններին մենք հիշեցնում ենք Կալեսնիկավայի ու կալանավորված մյուս անձանց անվտանգությունն ապահովելու հարցում իրենց պատասխանատվության մասին’’, ասված է պետքարտուղար Մայք Փոմփեոյի կողմից հրապարակված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասված է նաեւ. ‘’Բելառուսի իշխանություններին կոչ ենք անում վերջ տալ իրենց իսկ ժողովրդի դեմ իրականացվող բռնությունները, ազատ արձակել ոչ արդարացի կերպով ձերբակալված անձանց, այդ թվում ԱՄՆ-ի քաղաքացի Վիտալի Շկլիարովին, եւ սկսել բանիմաց երկխոսություն Բելառուսի հասարակության անկեղծ ներկայացուցիչների հետ’’:

Այս խմբագրականն արտահայտում է Ամերիկայի Միացյալ Նահանգերի կառավարության տեսակետը:

XS
SM
MD
LG