Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում պատասխանատվության ենթարկելու Լուկաշենկոյի վարչակարգին

Ալեքսանդր Լուկաշենկո

Արդեն չորս տարի է, ինչ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն վայելում է իր հերթական «հաղթանակը»՝ կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում։

2020 թվականի օգոստոսին նրա «վերընտրությունը» երկրում հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի, որոնց Լուկաշենկոյի անվտանգության ուժերը պատասխանեցին բռնությամբ։ Տասնյակ հազարավոր բելառուսներ ձերբակալվեցին, փակվեցին հարյուրավոր լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ։ Մոտ 1400 քաղբանտարկյալներ շարունակում են մնալ ճաղերի հետևում։

2020 թվականի կեղծված նախագահական ընտրությունների տարելիցի կապակցությամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է. «Կանադայի, Եվրամիության և Միացյալ Թագավորության մեր դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցված՝ լրացուցիչ պատժամիջոցներ ենք կիրառում Լուկաշենկոյի վարչակարգի դեմ՝ [նրա կողմից իրականացվող] շարունակական բռնաճնշումների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով»։

ԱՄՆ պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է մտցնում վարչակարգի 19 պաշտոնատար անձանց և նրանց կողմնակիցների նկատմամբ՝ Բելառուսում ժողովրդավարությունը խարխլելու գործում նրանց մասնակցության համար։

«Այդ ցուցակը ներառում է նրանց, ովքեր փորձում են չարաշահել Ինտերպոլի համակարգը՝ արտերկրում բելառուս այլախոհներին հետապնդելու համար, ժողովրդավարությունը պաշտպանող ակտիվիստներին [ենթարկել են] ֆիզիկական բռնությունների ու խոշտանգումների, հետապնդել ու ձերբակալել են այն քաղաքացիներին, որոնք գրանցված են ռեժիմին քննադատող բովանդակություն ունեցող սոցցանցերում, և թույլ են տվել զինված զինծառայողներին դաժանորեն ցրել 2020 թվականին խաղաղ ցույցերը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում 19 ֆիզիկական ու 14 իրավաբանական անձանց և մեկ օդանավի նկատմամբ՝ Բելառուսին վերաբերող թիվ 14038 կարգադրության համաձայն։ «Մինչ Բելառուսը նշում է Լուկաշենկոյի կառավարման հերթական տարին, վարչակարգի բացահայտ կոռումպացված, ապակայունացնող և հակաժողովրդավարական գործողությունները, ինչպես նաև նրա շարունակական աջակցությունը Ուկրաինա Ռուսաստանի անօրինական ներխուժմանը, ավելի են մեկուսացրել Բելառուսը միջազգային հանրությունից»,- նշել է ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Բրեդլի Սմիթը։ «Միացյալ Նահանգները՝ մեր դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցված, շարունակում է հանձնառու լինել [Լուկաշենկոյի] վարչակարգին և նրա հիմնական օժանդակողներին պատասխանատվության ենթարկելուն»։

Միացյալ Նահանգները, Կանանդան, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Բելառուսի իշխանություններին «անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել բելառուսական բանտերում պահվող գրեթե 1400 բանտարկյալներին»։

«Մենք կշարունակենք դիտարկել մեր տարբերակները, ներառյալ՝ լրացուցիչ պատժամիջոցների [տարբերակը]՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր թույլ են տալիս Լուկաշենկոյի վարչակարգին ճնշել ժողովրդավարությունը Բելառուսում։ Նաև կշարունակենք նշանակալից քայլեր ձեռնարկել՝ Բելառուսի միջոցով [իրականացվող] աջակցության և բաղադրիչների հոսքը բացահայտելու և կասեցնելու համար, որոնք սնուցում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ վարվող պատերազմը՝ միաժամանակ պահպանելով մեր աջակցությունը բելառուս ժողովրդին»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։