Միացյալ Նահանգները համախմբել է իր ազգային և միջազգային ներուժը՝ ամերիկյան ժողովրդին, կարևոր ենթակառուցվածքները և իր դաշնակիցներին վնասակար կիբեր գործունեությունից պաշտպանելու համար: Այս ջանքերը սկսում են տալ իրենց պտուղները։
Արդարադատության նախարարությունը վերջերս հայտարարեց երկու օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ մեղադրանքներ առաջադրելու մասին՝ Sodinokibi/REvil վիրուսային ծրագրեր օգտագործելու համար, որի նպատակն էր գումարներ շորթել ու խաթարել ԱՄՆ-ում բիզնեսների և պետական կառույցների գործունեությունը:
Ուկրաինայի քաղաքացի Յարոսլավ Վասինսկիին մեղադրանքներ են առաջադրվել վիրուսային այդ ծրագրերի կիրառման համար, որի զոհ դարձան բազմաթիվ օգտատերեր, ներառյալ 2021 թվականի հուլիսի միջադեպը, որը թիրախավորել էր տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրային ապահովմամբ զբաղվող Kaseya միջազգային ընկերության հազարավոր հաճախորդների:
Արդարադատության նախարարությունը նաև հայտարարել է 6,1 միլիոն դոլար առգրավելու մասին: Այս գումարները ենթադրաբար ստացել է ՌԴ քաղաքացի Եվգենի Պոլյանինը, ով նույնպես մեղադրվում է 2019 թվականի օգոստոսին Թեքսասում բազմաթիվ օգտատերերի գործունեւոթյունը խաթարելու մեջ, ներառյալ բիզնես և պետականկառույցների դեմ Sodinokibi/REvil-ի կիրառումը:
Մեղադրական եզրակացությունների համաձայն՝ Վասինսկին և Պոլյանինը մուտք են գործել մի քանի ընկերությունների ներքին համակարգչային ցանցեր և գործի դրել Sodinokibi/REvil ծրագիրը՝ ընկերությունների համակարգիչներից տվյալներ և տեղեկություն ձեռք բերելու նպատակով:
«Կիբերհանցագործությունը լուրջ սպառնալիք է մեր երկրի համար. մեր անձնական անվտանգության, մեր տնտեսության առողջության և մեր ազգային անվտանգության համար», - ասել է գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը: «Մեր ուղերձը. . .պարզ է. Միացյալ Նահանգները մեր դաշնակիցների հետ միասին կանի հնարավորինը մեր ուժերի սահմաններում վնասարար ծրագրերի հարձակումների հեղինակներին բացահայտելու, նրանց պատասխանատվության ենթարկելու և նրանց զոհերից գողացված միջոցները վերականգնելու համար»:
«Վնասակար ծրագրեր կիրառող հանցագործներին մեր ուղերձը պարզ է. Եթե դուք թիրախավորեք օգտատերերին [ԱՄՆ-ում], մենք կթիրախավորենք ձեզ», - ասել է գլխավոր դատախազի տեղակալ Մոնակոն:
Նախագահ Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Միացյալ Նահանգները կձեռնարկի «ցանկացած անհրաժեշտ գործողություն՝ պաշտպանելու իր ժողովրդին և իր կարևոր ենթակառուցվածքները՝ առերեսվելով այս շարունակական մարտահրավերին»:
«Դա այն է, ինչ մենք արել ենք. Մենք օգտագործում ենք դաշնային կառավարության ողջ ներուժը՝ չեզոքացնելու վնասակար կիբեր գործունեությունը և դրա կիրառողներին, ամրապնդելու երկրի ներսում դիմադրողականությունը, խափանելու վիրտուալ արժույթի չարաշահումները և խթանելու միջազգային համագործակցությունը՝ խաթարելու վնասակար ծրագրերի համակարգը և այն կիրառող հանցավորների համար բարենպաստ պայմանները»:
Նախագահ Բայդենն ընդգծել է, որ կշարունակի օգտագործել իր ձեռքի տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ պաշտպանելու ամերիկացի ժողովրդին և ամերիկյան շահերը կիբեր սպառնալիքներից։