Լրացուցիչ գործողություններ Պուտինին և նրա կողմնակիցներին հակազդելու համար

Russian President Vladimir Putin speaks to members of the State Duma and the Federal Assembly of The Russian Federation in the Kremlin in Moscow, Russia, Thursday, July 7, 2022.

Իր դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցված՝ Միացյալ Նահանգները լրացուցիչ քայլեր է ձեռնարկել նախագահ Պուտինին և նրա կողմնակիցներին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված և չարդարացված պատերազմի համար։

Հունիսի 27-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, «Մեծ յոթնյակի» հետ համաձայնեցված, պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական բազայի, այդ թվում՝ «Ռոստեխի» նկատմամբ, որը նախարարությունը որակել է որպես «Ռուսաստանի պաշտպանական, արդյունաբերական, տեխնոլոգիական և արտադրական հատվածների անկյունաքար»։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև 29 ռուսաստանցիների նկատմամբ։ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է. «Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության թիրախավորումը կթուլացնի Պուտինի կարողությունները և ավելի կխոչընդոտի պատերազմին Ուկրաինայի դեմ, որն արդենիսկ խարխլվել է բարոյալքության, մատակարարման շղթաների խափանման և նյութատեխնիկական անհաջողությունների պատճառով»։

Ֆինանսների նախարարությունը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Կանադան, Միացյալ Թագավորությունը և Ճապոնիան, արգելել են ռուսական ոսկու ներմուծումը, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության՝ էներգակիր ռեսուրս չհանդիսացող ամենախոշոր արտահանումը։

Ֆինանսների նախարարության գործողությունները ձեռնարկվել են Պետքարտուղարության հետ համատեղ, որը պատժամիջոցներ է սահմանել 45 իրավաբանական և 29 ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Թիվ 14024 գործադիր հրամանի համաձայն։

Ցուցակն ընդգրկում է ռուսական զորամիավորումներ, որոնք հավաստիորեն մասնակից են Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ խմբային մահապատիժների, անզեն քաղաքացիական անձանց ծեծի իրականացմանը և տների ավերմանը։

Բացի այդ, Պետքարտուղարությունը ցուցակում ներառել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) մարդու իրավունքների խախտումների համար՝ մասնավորապես վկայակոչելով ԱԴԾ-ի «առանցքային ներգրավվածությունը» ֆիլտրացիոն ճամբարների գործարկման մեջ, որոնք Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում կամ հենց Ռուսաստանում գտնվող վայրեր են, որտեղ բռնի կերպով տեղափոխում են ուկրաինացի քաղաքացիների և նրանց ենթարկում երկար ու դաժան հարցաքննությունների։

Պետքարտուղարությունը ցուցակում ընդգրկել է նաև Ռուսաստանի Դաշնության՝ պաշտպանության հետ կապված մի շարք կառույցներ և մուտքի արտոնագրային սահմանափակումներ կիրառել 511 ռուս զինվորականների նկատմամբ՝ Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնալու կամ դրանք խախտելու համար, ինչպես նաև սահմանափակել է մուտքի արտոնագրերի տրամադրումը Ռուսաստանի 18 քաղաքացիների՝ այլախոհությունը ճնշելու համար։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի և նրա գործընկերների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունն արդեն իսկ ունեցել են ահռելի հետևանքներ։ Բազմաթիվ օտարերկրյա ընկերություններ հեռացել են երկրից, ամբողջ աշխարհից Ռուսաստան ապրանքների ներմուծումը նվազել է 40%-ով, ռուսական գործարանները ամեն գնով փորձում են պահպանել իրենց արտադրությունը։ Գնաճը հասել է մինչև 20%, և վերջին հարյուր տարվա ընթացքում Ռուսաստանը առաջին անգամ չի կատարել իր պետական պարտատոմսերի վճարումները։

Ինչպես նշել է պետքարտուղար Բլինքենը, Միացյալ Նահանգները «կշարունակի գործել մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու ուղղությամբ, եթե նա շարունակի իր ընտրությամբ սանձազերծած պատերազմը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։