Ժողովրդավարական հետընթացի մասին և թե ինչպես հակազդել դրան

«Ժողովրդավարության հետընթաց» եզրը վերաբերում է ժողովրդավարության քայքայման գործընթացին, որը տեղի է ունենում ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդների կողմից ժողովրդավարության հենարան հանդիսացող պետական քաղաքական ինստիտուտների թուլացման հետևանքով։

Այս գործընթացը, որը նաև հայտնի է որպես ավտոկրատիզացիա, սկսվել է հետսառըպատերազմյան դարաշրջանում և այդ ժամանակից ի վեր թափ է հավաքում։ «Քաղաքացիական հասարակության խմբերն արձանագրել են 15 տարի անընդմեջ ժողովրդավարության անկում ամենուրեք», հայտարարել է Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով փոխպետքարտուղար Ուզրա Զեյան վերջերս կայացած հեռախոսային ասուլիսի ժամանակ։ «Իսկ ի՞նչ է գործնականում նշանակում ժողովրդավարության անկում»։

«Առաջին հերթին՝ ավտոկրատ կանոնները խոչընդոտում են ժողովրդի կամքը արտահայտող ընտրությունների իրականացումը, խաթարում են օրենսդիր և դատական մարմինների անկախությունը և ոտնահարում են իրենց բնակչության մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Երկրորդ՝ կոռումպացված դերակատարներն անիրավաչափորեն սահմանափակում են տեղեկատվության հասանելիությունը՝ օգտագործելով պետական միջոցներ և խաթարելով հանրային վստահությունն առ այն, որ ժողովրդավարական կառավարումը կարող է ապահովել ավելի լավ ապագա։ Եվ վերջապես, նույնիսկ Միացյալ Նահանգների նման կայացած ժողովրդավար պետությունները բախվում են այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են քաղաքական բևեռացումը, ապատեղեկատվության տարածումը, խտրականությունը և ռասայական անարդարությունը»։

«Եվ այնուամենայնիվ, մենք գիտենք, որ այն հասարակությունները, որոնք հարգում և պաշտպանում են մարդու իրավունքները, պահպանում են օրենքի գերակայությունը և սատարում են ներառական, հաշվետվողական կառավարումը իրենց բոլոր քաղաքացիների համար, լավագույնս պատրաստված են երկարաժամկետ լուծումներ տալու համար նույնիսկ ամենախրթին խնդիրներին», ասել է նա։

Վկայակոչելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, փոխպետքարտուղար Զեյան նշել է, որ «պատասխանատու երկրները չպետք է խույս տան իրենց ընդդատության ներքո մարդու իրավունքների խախտումների հանգամանալի ուսումնասիրությունից։ Ավելի շուտ, նրանք պետք է ընդունեն իրողությունը՝ այն բարելավելու մտադրությամբ»։ Ուստիև քաղաքացիական հասարակության կողմից մշտադիտարկումն անգնահատելի է։

«Քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր է խաղում մեր ժողովրդավարությունների շահերի պահպանման և պաշտպանության գործում։ Դա շատ կարևոր է կառավարության հաշվետվողականությունը խթանելու համար», ասել է փոխպետքարտուղար Զեյան։

«Ակտիվիստները, իրավապաշտպանները և քաղաքացիական հասարակության այլ անդամները կարևոր դերակատարում ունեն թափանցիկ, արդար և պատասխանատու կառավարման համար։ Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը առանցքային նշանակություն ունի գագաթնաժողովի նպատակներին հասնելու համար, քանի որ մենք դիմում ենք տեղական առաջնորդներին և փորձագետներին՝ երաշխավորելու, որ կառավարության խոստումները դրականորեն ազդեն քաղաքացիների վրա»։

Ժողովրդավարության հետընթացը «լրջագույն խնդիրներ է ներկայացնում համաշխարհային կայունության և բարգավաճման համար, որոնք կարող են լուծվել միայն համընդհանուր ջանքերով, եթե համախոհ երկրները միահամուռ ուժերով լծվեն ժողովրդավարության անկումը հետ շրջելու գործին»։

Միացյալ Նահանգները հորդորում է բոլոր համախոհ ընկերներին և դաշնակիցներին՝ օգնելու հետ շրջել ժողովրդավարության հետընթացի միտումը՝ միանալով ավտորիտարիզմից պաշտպանվելու, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև ներպետական և միջազգային մակարդակներում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանման մեր ջանքերին։ Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը առաջընթաց քայլ է աշխարհի համար այդ ճանապարհին։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։