Ռուսաստանում ևս մեկ հայտնի այլախոհ է ձերբակալվել

Vladimir Kara-Murza, Russian opposition activist. (File)

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ռուս քաղաքացիական ակտիվիստ Վլադիմիր Կարա-Մուրզային։

Ժողովրդավարության վաղեմի ջատագով և Ուկրաինա Վլադիմիր Պուտինի չարդարացված ներխուժման քննադատ Կարա-Մուրզան ապրիլի 11-ին ձերբակալվել է Մոսկվայի իշխանությունների կողմից և դատապարտվել տասնհինգ օրվա ազատազրկման։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ Կարա-Մուրզան «այն անձնավորությունն է, որը նախկինում ձերբակալվել է և նույնիսկ ենթարկվել գրեթե մահացու թունավորումների՝ կապված ոչ այլ ինչի, քան հանուն ռուս ժողովրդի մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների իր խաղաղ գործունեության հետ»։

Մարտին Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ Կարա-Մուրզան Ուկրաինա ներխուժումն անվանել է «չհրահրված, չարդարացված, անօրինական պատերազմ, որը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակիչներին»։ Նա ընդգծել է, որ «Ռուսաստանը և Պուտինի վարչակարգը նույնը չեն։ Իմ երկրում կան շատ մարդիկ, որոնք նույնքան կտրուկ դեմ են արտահայտվում այդ հանցագործություններին, որքան մարդիկ այստեղ՝ Ամերիկայում»։

Մոսկվայում իր ձերբակալությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Կարա-Մուրզան հարցազրույց է տվել CNN-ին, որում պուտինյան վարչակարգն անվանել է «մարդասպան» և կանխատեսել, որ Ուկրաինայում պատերազմը կհանգեցնի Պուտինի տապալմանը։ Արտահայտելով իր տեսակետները՝ Կարա-Մուրզան խախտել է ռուսական նոր օրենքը, որը քրեականացնում է վարչակարգի կողմից «կեղծ» համարվող տեղեկատվության տարածումը, այդ թվում՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունները պատերազմ կամ ներխուժում անվանելը։

«Վերջին տասնամյակի ընթացքում Ռուսաստանի իշխանություններն օգտագործել են մի շարք անորոշ օրենքներ և մտացածին պատրվակներ՝ անկախ և այլախոհ ձայներին ահաբեկելու և հետապնդելու նպատակով», ասում է Հյու Ուիլյամսոնը Human Rights Watch կազմակերպությունից։ «Այժմ նրանք անթաքույց գրաքննություն են կիրառում՝ միևնույն ժամանակ առաջ տանելով կեղծ օրակարգ, որը պարտադրում են բոլորին թութակի պես կրկնել»։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Պուտինի վարչակարգը դառնում է «ավելի բռնաճնշող իր երկրի սահմաններից դուրս և ավելի բռնաճնշող իր երկրի ներսում»։ Նա մատնանշել է անցյալ տարի հազարավոր մարդկանց կալանավորման դեպքերը, որոնք խաղաղ դուրս էին եկել փողոց՝ ի նշան բողոքի ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության և կալանավորման դեմ։ Նա նաև նշել է, որ Վլադիմիր Կարա-Մուրզայի ձերբակալությունից բացի, այս տարի 15,000 այլ ռուսներ բերման են ենթարկվել Ուկրաինայի դեմ իրենց կառավարության դաժան պատերազմի դեմ բողոքելու համար։

«Սրանք այնպիսի կառավարության գործողություններ են, որը միանգամայն անվստահ է և որը չի ցանկանում թույլ տալ իր ժողովրդին անել այն, ինչ մարդկանց իրավունքն է ամենուր՝ բարձրաձայնել իրենց բողոքը, խաղաղ երթ անել, ստեղծել միավորումներ և լսելի դարձնել իրենց ձայնը և ազատ կամքը», հայտարարել է խոսնակ Փրայսը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։