Ջիմի Լայը, որն իր կյանքը նվիրել է Հոնկոնգի բնակիչների կյանքի և ապրուստի միջոցների հարստացմանը, ժողովրդավարության և խոսքի ազատության առավել հայտնի ջատագովներից մեկն է։ Նա հանրահայտ ընդդիմադիր Apple Daily թերթի հիմնադիրն ու սեփականատերն էր, որը Հոնկոնգի իշխանությունները փակեցին 2021 թվականին։ Լայը ձերբակալվել է 2020 թվականին և այժմ 20-ամսյա պատիժ է կրում 1989 թվականին Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակը հրապարակայնորեն հարգելու և 2019 ու 2020 թվականներին ամբողջ քաղաքում տեղի ունեցող ժողովրդավարության պահանջով ցույցերի մեջ իր ունեցած ենթադրյալ դերակատարման համար։ Նրա դատավարությունը, որն անցնում
է ազգային անվտանգության մեղադրանքով՝ համաձայն Հոնկոնգի ազգային անվտանգության մասին ռեպրեսիվ օրենքի, որը Պեկինը պարտադրել է Հոնկոնգին 2020 թվականին, նախատեսվում է սկսել դեկտեմբերին. այդ դատավարությամբ Լային սպառնում է ցմահ ազատազրկում։ Եթե նա մեղավոր ճանաչվի, դա ավելի կխաթարի Հոնկոնգի հեղինակությունը՝ որպես բաց և փոխանակումների միջազգային կենտրոն։
Միացյալ Նահանգները դատապարտել է Ջիմի Լայի նկատմամբ խարդախության գործով կայացված դատավճիռը և նրան առաջադրված մեղադրանքներն անվանել «մտացածին»։
«Մենք խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վատթարացմամբ և Հոնկոնգի ինքնավարության վերացմանն ուղղված համակարգված քայլերով Ազգային անվտանգության մասին օրենքի ներքո», ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Դա վերաբերում է Ազգային անվտանգության մասին օրենքի գործադրման ջանքերի ակտիվացմանը, որոնք ծառայում են անկախ լրատվամիջոցները ճնշելու, այլախոհությունը լռեցնելու և խոսքի ազատությունը խեղդելու նպատակին»:
Նոյեմբերի 2-ին՝ Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրը, մամուլի խոսնակ Փրայսը նշել է, որ «ազատ և անկախ մամուլը վճռորոշ դեր է խաղում ժողովրդավարության խթանման և ամբողջ աշխարհում իրադարձությունների լուսաբանման գործում՝ լինի դա գուժաբեր, թե՝ հուսադրող»։
Միացյալ Նահանգները հետամուտ է բաց և ազատ մամուլի խթանման գործին ամենուր, այդ թվում՝ Հոնկոնգում։
Ազատ և բաց մամուլը ապահովում է թափանցիկություն, հաշվետվողականություն, լավ կառավարում և օրենքի գերակայություն։ Ազատ և բաց հասարակությունը ընդլայնում է բոլոր քաղաքացիների մարդու հիմնարար իրավունքների միջավայրը, այդ թվում՝ ազատ արտահայտվելու և ազատ մամուլի։ Այն երբեք չի ձգտում լռեցնել դրանք։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Հոկտեմբերի 25-ին Հոնկոնգի շրջանային դատարանի դատավոր Սթենլի Չան Քվոնգ-չին մեղավոր է ճանաչել ժողովրդավարամետ հրատարակիչ Ջիմի Լային՝ խարդախության երկու հոդվածով։ Դատավճիռը Հոնկոնգում բռնաճնշումների և անկախ ձայները լռեցնելու աճող միտումի միայն վերջին օրինակն է։