Ադրբեջանում շարունակվում է ոտնահարվել ազատ խոսքի իրավունքը

Ադրբեջանում իշխանությունների կողմից խուզարկվում է «ԱբզասՄեդիայի» գրասենյակը

Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակական ձերբակալություններով»՝ հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերը նման հայտարարություն է արել՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով ադրբեջանցի հայտնի տնտեսական վերլուծաբան և լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալության մասին հարցին։

Մեհրալիզադեին ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է այս մայիսի 31-ին՝ հակակոռուպցիոն պայքար ծավալող, անկախ AbzasMedia լրատվական գործակալության դեմ Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած շինծու քրեական գործի շրջանակում։ Անցած տարվա նոյեմբերից իշխանությունները կալանավորել են AbzasMedia-ի բազմաթիվ լրագրողների։ Անազատության մեջ են նաև ադրբեջանական կառավարության վերահսկողության ներքո չգտնվող այլ լրատվամիջոցների, օրինակ՝ Toplum առցանց հեռուստաալիքի բազմաթիվ լրագրողներ, որոնք ձերբակալվել են այս տարվա սկզբին։ Ադրբեջանում իշխանությունների թիրախում են հայտնվել անկախ լրագրողները, հատկապես նրանց, որոնք բացահայտում են կառավարությունում առկա կոռուպցիան։

Սակայն թե՛ AbzasMedia-ն, որն այժմ աշխատում է Ադրբեջանից դուրս, և թե՛ Ֆարիդ Մեհրալիզադեն պնդում են, որ նա չի աշխատել այդ լրատվամիջոցում, այլ եղել է բազմաթիվ փորձագետներից մեկը, որոնց հարցազրույցի, մեկնաբանությունների համար դիմել է լրատվամիջոցը։

Աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցում Ադրբեջանում արձանագրված «մարդու իրավունքների էական խախտումների» շարքում մատնանշվում են «խոսքի ազատության և մամուլի ազատության լուրջ սահմանափակումները՝ ներառյալ լրագրողների նկատմամբ բռնությունները, լրագրողների անհիմն ձերբակալությունները կամ հետապնդումները, ինչպես նաև զրպարտության մասին քրեական օրենքների կիրառումը՝ կարծիք արտահայտելը սահմանափակելու համար»։

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Միլլերը հայտարարել է. «Նրանք, ովքեր օգտվում են իրենց հիմնական ազատություններից՝ ներառյալ արտահայտվելու ազատությունը, չպետք է ձերբակալվեն դրա համար։ Շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։