Իրականում, նման թիվը չպետք է անսովոր թվա՝ հաշվի առնելով, օրինակ, նախորդ ամիսներին ծագած բազմաթիվ հակամարտություններն ու ճգնաժամերը։ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների այլընտրանքային ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը նշել է մի քանի օրինակ. «ՄԱԿ-ի պաշտոնյաները Սուդանում իրավիճակը գնահատում են որպես աշխարհում բնակչության տեղահանմանը հանգեցնող ամենից արագ զարգացող ճգնաժամ»։
«Ռուսաստանի լայնածավալ, միջազգային իրավունքը խախտող ներխուժման հետևանքով՝ այժմ Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է հինգ միլիոնը։ Եվս վեց միլիոն փախստականներ հանգրվանել են հարևան երկրներում»։
«Բանգլադեշում մոտ մեկ միլիոն ռոհինջա, որոնցից շատերին Բիրմայի զինվորականները բռնի կերպով վտարել են իրենց տներից, ապրում են փախստականների ճամբարներում»։
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական գործողություններից հետո, ավելի քան 100 հազար փախստականներ և տեղահանվածներ փախել են հարևան Հայաստան»։
«Գազայում պաղեստինցիները, որոնք տարիներ շարունակ ապրել են «Համասի» դաժան [կառավարման] պայմաններում, տառապում են՝ ոչ իրենց մեղքով»։
«Միացյալ Նահանգներն անում է հնարավորը՝ Գազայում մարդասիրական ծանր իրավիճակի հանգուցալուծման համար»,- հայտարարել է դեսպան Վուդը։
«Պետությունների շարքում մենք ենք Պաղեստինի ժողովրդին ամենից մեծ օգնություն ցուցաբերած երկիրը՝ 2021 թվականից ի վեր պաղեստինցի փախստականներին օգնության ցուցաբերման և աշխատանքի կազմակերպման ՄԱԿ-ի գործակալությանը (UNRWA) հատկացնելով ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Անցած շաբաթ նախագահ Բայդենը հայտարարել է Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիներին լրացուցիչ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին»։
Այնուամենայնիվ, «հաշվի առնելով, որ մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների ռեսուրսները այլևս դժվարությամբ են բավարարում՝ աճող համաշխարհային կարիքները [հոգալու համար], [մեր աշխատանքների իրականացման գործում] ավանդական հումանիտար դոնորներից և կազմակերպություններից զատ, պետք է ներգրավենք զարգացման գործակալություններից, մասնավոր հատվածից ու քաղաքացիական հասարակության դերակատարներից բաղկացած ավելի ընդգրկուն դաշինք, որպեսզի կարողանանք ավելի կայուն արձագանք ապահովել մարդասիրական և փախստականների ճգնաժամերին»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։
«Այս տարվա [ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի] Բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները միացել է Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ կոչ անելով մարդասիրական և զարգացման կազմակերպություններին, դոնորներին և փախստականներ ընդունող պետություններին, զարգացման ֆինանսական հաստատություններին, հիմնադրամներին, ներդրողներին և կորպորացիաներին համախմբել ուժերը՝ 10 միլիարդ դոլար ներդրումային կապիտալ ապահովելու համար»։
«Գործողության դիմելու այս կոչը՝ նոր գործընկերների հետ համագործակցելու և ձգձգվող մարդասիրական [ճգնաժամային] իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված դիվանագիտական լծակներն ուժեղացնելու մեր ջանքերի հիմնաքարն է»,- ընդգծել է դեսպան Վուդը։
«21-րդ դարի խնդիրների [լուծման] համար այլևս չենք կարող ապավինել 20-րդ դարի լուծումներին։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, որոնք, վստահ եմ, միասին կարող ենք գտնել»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը
Հակամարտությունների, այլ ճգնաժամերի պատճառով աշխարհում աճում է փախստականների թիվը
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի տվյալներով, բազմաթիվ ճգնաժամերի, այդ թվում՝ հակամարտությունների, սովի, բնական աղետների ու կլիմայի փոփոխության պատճառով շուրջ 110 միլիոն մարդ հարկադրված լքել է իրենց տները։