Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային և Կրեմլի զավթիչ ուժերի դեմ դիմակայելու կարևորությունը։
«Ամերիկայի ժողովուրդը ձեզ հետ է եղել ամեն քայլափոխին, և մենք ձեզ հետ ենք լինելու։ Մենք կմնանք ձեզ հետ այնքան ժամանակ, որքան պահանջվի։ Այն, ինչ դուք անում եք, ինչի հասել եք, կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ աշխարհի համար»։
Այդ նպատակին հետամուտ լինելով՝ նախագահ Բայդենը հայտարարել է Ուկրաինային 374 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։
«Այդ աջակցության շնորհիվ ավելի քան 1,5 միլիոն ուկրաինացիների կտրամադրվի պարենային և ֆինանսական օգնություն, ինչպես նաև կապահովվի բժշկական օգնության և մաքուր խմելու ջրի հասանելիություն, և ավելի քան 2,5 միլիոն ուկրաինացիներ ձմռանը ջեռուցման միջոց կունենան»։
Բացի այդ, նախագահ Բայդենը հայտարարել է նաև անվտանգության ոլորտում 1,85 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին։ Փաթեթը ներառում է ինչպես սարքավորումներ, այնպես էլ հրետանու, տանկերի և հրթիռային կայանքների համար զինամթերքի մատակարարման պայմանագրեր՝ նախատեսված Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։
Նաև «Միացյալ Նահանգները համագործակցում է մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ապահովելու կենսական կարևոր սարքավորումներ՝ Ուկրաինային օգնելու վերականգնել էլեկտրահաղորդման համակարգը և ամրապնդել ուկրաինական էներգոհամակարգի կայունությունը Ռուսաստանի թիրախային հարձակումներին դիմակայելու համար», ասել է նախագահ Բայդենը։
«Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է անում Ռուսաստանը։ Այն նպատակաուղղված հարվածում է Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքին՝ ոչնչացնելով այն համակարգերը, որոնք ջերմություն և լույս են ապահովում ուկրաինացի ժողովրդին տարվա ամենացուրտ և մութ ժամանակ։ Ռուսաստանն օգտագործում է ձմեռը որպես զենք՝ մարդկանց սառեցնում է, սովամահ անում, բաժանում միմյանցից»։
Միացյալ Նահանգները ողջունում է Ուկրաինայի քաջությունն ու տոկունությունը և հանձնառու է երաշխավորել, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը կարողանա անցկացնել ձմեռը և դիմակայել Ռուսաստանի ագրեսիային։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Ուկրաինա Ռուսաստանի չհրահրված ներխուժման սկզբից անցել է ավելի քան 300 օր։ Միացյալ Նահանգները հանձնառու է երաշխավորել, որ Ուկրաինան կարողանա ապահովել և պաշտպանել իր քաղաքացիներին։