ԱՄՆ-ը պատժամիջոցների է ենթարկում Իրանին մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների համար

ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ Իրանի եւ Վենեսուելայի հարցերով հատուկ ներակայացուցիչ Էլիոթ Աբրամսը դատապարտել է Իրանի վարչակարգին` ‘’արդարադատության շարունակվող ծաղրի համար’’:

Նրա խոսքերով, ‘’Իրանի վարչակարգը վերջերս դաժանաբար տանջանքների ենթարկեց ու անամոթաբար մահապատժի ենթարկեց ըմբշամարտի չեմպիոն Նավիդ Աֆքարիին` այդպիսով իր ժողովրդին հղելով նրանց ահաբեկելու ուղերձ:

ԱՄՆ-ը հավատարիմ է մնում այն անձանց պատասխանատվության ենթարկելու գործին, որոնք մերժում են Իրանի ժողովրդի ազատությունները եւ ոտնահարում արդարադատությունը’’:

Այդ նպատակի իրագործումն առաջ տանելու համար Միացյալ Նահանգները սեպտեմբերի 24-ին պատժամիջոցներ հաստատեց իրանցի պաշտոնատար մի շարք անձանց ու հաստատությունների նկատմամբ: Նրանց շարքում է Շիրազի Հեղափոխական դատարանի դատավոր Սեյեդ Մահմուդ Սադաթին: Վերջինիս նախագահությամբ է իրականացվել Նավիդ Աֆքարիի հարցով անարդար դատավարությունների մեծ մասը, որոնց արդյունքում էլ ի կատար է ածվել Աֆքարիի հափշտապ ու գաղտնի մահապատիժը:

Պատժամիջոցների տակ է առնվել նաեւ Մաշադի Հեղափոխական դատարանի դատավոր Մոհամեդ Սոլթանին, որը, ինչպես պետքարտուղար Մայք Փոմփեոն է ասել իր մի հայտարարության մեջ, ‘’պատասխանատու է Իրանում բահայի ուսմունքի հետեւորդներին դատապարտելու, խոսքի ազատության իրավունքից զրկելու համար’’:

ԱՄՆ-ը նաեւ պատժամիջոցներ է հաստատել ընդդեմ Ադելաբադի, Օրումիյեհի ու Վաքիլաբադի բանտերի, որտեղ ոտնահարում են իրենց հավատքը դավանելու, խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքները` կիրառելով տանջամիջոցներ, իրականացնելով անմարդկային ու նսեմացնող գործողություններ, կամայական կերպով ազատազրկումներ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Փոմփեոն հայտարարել է. ‘’Միացյալ Նահանգները միանում է աշխարհի այն երկրներին, որոնք սգում են Նավիդի սպանության համար ու դատապարտում Իրանի վարչակարգին: Նրա սպանությունն անխիղճ արարք է’’:

Փոմփեոն կոչ է արել մյուս բոլոր երկրներին Իրանին ենթարկել պատասխանատվության` նույնանման պատժամիջոցներ կիրառելու եղանակով:

‘’Միացյալ Նահանգերի ձեռնարկած գործողությունները’’, ասել է պետքարտուղար Փոմփեոն, ‘’Իրանի Հեղափոխական դատարաններն ու նրանց դատավորներին ներկայացնում են այնպես, ինչպես նրանք կան` գործիք, որի նպատակը Իրանի վարչակարգի դաժան գաղափարախոսությունը պարտադրելն է ու այլախոհությունը մերժելը: Միացյալ Նահանգները շարունակելու է կանգնել Իրանի ժողովրդի կողքին ու

շարունակելու է պահանջել, որ վարչակարգն իր ժողովրդին վերաբերվի հարգանքով եւ արժանապատվությամբ’’:

Այս խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները