Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիները

(FILE) Vehicles carrying refugees from Nagorno-Karabakh.

Սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական հարձակում սանձազերծեց անջատողական Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով տարածաշրջանում մեծամասնություն կազմող շուրջ 100 000 հայեր զանգվածաբար լքեցին իրենց տները և տեղափոխվեցին Հայաստան՝ վախենալով բռնաճնշումներից, և արագ վատթարացող մարդասիրական իրավիճակի պատճառով։

Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն այնտեղ ապրող հայերը վաղուց ի վեր ձգտել են անկախանալ Բաքվից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է անկլավի նկատմամբ հաղթանակի մասին։ Միաժամանակ, խոստացել է երաշխավորել տարածաշրջանում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը։

Վերջերս ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսման կապակցությամբ.

«Պնդում ենք, որ մարդիկ պետք է հասանելիություն ունենան այդ տարածք, այնտեղ առկա գույքի, մշակույթի պաշտպանության հնարավորություն, և մարդիկ պետք է պատշաճ տեղեկություններ ստանան, որպեսզի կարողանան իրական ընտրություն կատարել իրենց ապագայի վերաբերյալ։ Նրանք պետք է իմանան, որ իրական հնարավորություն ունեն վերադառնալ և ապրել Լեռնային Ղարաբաղում, եթե նման որոշում կայացնեն»։

Սեպտեմբերի 26-ին Միացյալ Նահանգները հայտարարել է Հայաստանին 11,5 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու մասին։

Բացի այդ, Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանին և Ադրբեջանին բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հայտարարել է պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը։

«Լուրջ ջանքեր ենք գործադրում։ Սեպտեմբերից ի վեր տեղի է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների 13 այց՝ մայրաքաղաքներ Երևան և Բաքու, ինչպես նաև կողմերի միջև կայացել են հանդիպումներ։ Մենք նաև սերտորեն համագործակցում ենք մեր թուրք գործընկերների հետ։ Հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Ադրբեջանի հետ հարաբերությունները բնականոն չեն շարունակվի, եթե խաղաղության ճանապարհին առաջընթաց չտեսնենք»։

Պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը լավատեսություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը շահեկան կլինի հակամարտության բոլոր կողմերի համար։

«Կենտրոնական Ասիայի երկրները նոր ուղիներ են փնտրում իրենց ապրանքները շուկա հասցնելու համար։ Այդ ուղիները կարող են անցնել Ադրբեջանի տարածքով Վրաստան, կամ Հայաստանի տարածքով՝ Թուրքիա։ Մենք ասել ենք՝ ուժի որևէ կիրառում անընդունելի է։ Հայաստանի մասնակցությամբ և համաձայնությամբ ստեղծված տարանցիկ միջանցքը մեծապես կծառայի ի բարօրություն տարածաշրջանի պետությունների և համաշխարհային շուկաների, որոնց հասանելի կդառնան այդ ապրանքները»։

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ [այդ] երկու երկրների և տարածաշրջանի ապագա խաղաղության ու բարգավաճման համար լավագույն որոշումներ կայացնելու հարցում։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։