«Ուկրաինան և Ռուսաստանը գյուղատնտեսական խոշոր արտադրողներ են», նշել է փոխպետքարտուղար Վենդի Շերմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ «Ցորենի համաշխարհային արտահանման 30 տոկոսը, որպես կանոն, ստացվում է Սևծովյան տարածաշրջանից, ինչպեսև եգիպտացորենի համաշխարհային արտահանման 20 տոկոսը և արևածաղկի ձիթայուղի 75 տոկոսը»։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմն արգելափակում է մուտքը Ուկրաինայի նավահանգիստներ, ինչը, ըստ հաղորդումների, թույլ չի տալիս համաշխարհային շուկա պարենամթերք տեղափոխող տասնյակ բեռնանավերի հասնել Միջերկրական ծով, հայտարարել է փոխպետքարտուղար Շերմանը։ Ռուսաստանի կողմից նաև հրթիռակոծման են ենթարկվել Ուկրաինայից նավարկող առնվազն երեք քաղաքացիական առևտրային նավեր։
«Ռուսական հրթիռներն ու ռումբերը վնասել և ոչնչացրել են ուկրաինական օդանավակայաններ, երկաթուղային գծեր, կայարաններ և մայրուղիներ, որոնք կենսական նշանակություն ունեն ցորենի, եգիպտացորենի և այլ ապրանքների արտահանման համար»։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքերով՝ «Ռուսաստանն ակտիվորեն թիրախավորում է հացահատիկի հորերը և մթերապահեստները», նշել է փոխպետքարտուղար Շերմանը։ «Ռուսաստանի այս բոլոր գործողությունները պարենային ճգնաժամ են ստեղծում Ուկրաինայում և երկրի սահմաններից դուրս»։
«Պարենային ապրանքների գներն արդեն կտրուկ աճում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, քանի որ Ռուսաստանը «խեղդում» է ուկրաինական արտահանումը։ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում հիմնական ապրանքների՝ ներառյալ ցորենի, առանց այն էլ բարձր գներն այս տարի աճել են 20-50 տոկոսով»։
«Մեզ հատկապես մտահոգում են այն երկրները, որոնք մեծապես կախված են ուկրաինական ներկրումից՝ իրենց բնակչությանը կերակրելու համար», ընդգծել է փոխպետքարտուղար Շերմանը։
«Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ արդեն իսկ սննդամթերքով է ապահովվում 138 միլիոն մարդ ավելի քան 80 երկրներում՝ Եթովպիայից մինչև Աֆղանստան, Հարավային Սուդան և Եմեն, Նիգերիայից մինչև Սիրիա։ Սակայն այժմ Պուտինի սանձազերծած պատերազմը մեծացնում է պարենային օգնություն տրամադրելու ծախսերը։ Ըստ [ՄԱԿ-ի] Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով ամբողջ աշխարհում ևս 13 միլիոն մարդ կարող է բախվել պարենային անվտանգության սպառնալիքի։
«Ի վերջո, այս մարդասիրական աղետին վերջ տալու միակ ուղին տևական հրադադարն է և ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումը Ուկրաինայի տարածքից և ուկրաինական սահմաններից հեռու», նշել է փոխպետքարտուղար Շերմանը։
«Այդ որոշումը… կախված է միայն ու միայն մեկ մարդուց։ Այս պատերազմը սկսել է Վլադիմիր Պուտինը։ Նա է ստեղծել այս համաշխարհային պարենային ճգնաժամը։ Եվ նա է այն մարդը, որը կարող է դա կանգնեցնել»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Պուտինյան պատերազմի հետևանքները համաշխարհային պարենային անվտանգության վրա
Գրեթե երկու ամիս է անցել Ուկրաինա Վլադիմիր Պուտինի դաժան և չարդարացված լայնամասշտաբ ներխուժումից, իսկ պատերազմի հետևանքներն արդեն զգացվում են Ուկրաինայի սահմաններից շատ հեռու։ Մասնավորապես՝ հետզհետե ավելի մեծ վտանգի է ենթարկվում համաշխարհային պարենային անվտանգությունը։