Կրեմլը փորձում է թաքցնել ճշմարտությունը իր քաղաքացիներից

Ռուսական կառավարության քարոզչամեքենան ջանք չի խնայում, որպեսզի խոչընդոտի իր քաղաքացիներին, ռուս ժողովրդին՝ տեղեկանալու Վլադիմիր Պուտինի Ուկրաինա անիմաստ և չհրահրված ներխուժման իրական էության և ծավալների մասին։

Հարձակմանը նախորդող օրերի և շաբաթների ընթացքում ռուսական պետական լրատվամիջոցները, սոցիալական մեդիա հարթակները և լրատվական գործակալություններն ամբողջ երկիրը հեղեղել էին սարսափելի ապատեղեկատվությամբ՝ տարածելով անհիմն հայտարարություններ՝ նպատակ հետապնդելով համոզել ռուս ժողովրդին, որ Ռուսաստանի զինված ուժերը պետք է ներխուժեն Ուկրաինա երկիրը «ապառազմականացնելու և դենացիֆիկացնելու» համար։ Թե՛ մեկ, թե՛մյուս պնդումը ակնհայտ սուտ են։

Փետրվարի 24-ին ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի կառավարությունն ամեն գնով թաքցրել է իր քաղաքացիներից, թե ինչ է իրականում կատարվում Ուկրաինայում, այդ թվում՝ արգելելով այդ համատեքստում օգտագործել «պատերազմ» եզրը։

«Կրեմլը լայնամասշտաբ գրոհ է վարում ԶԼՄ-ների ազատության և ճշմարտության դեմ, իսկ դաժան ներխուժման մասին մոլորության մեջ գցելու և ճշմարտությունը թաքցնելու Մոսկվայի ջանքերն ակտիվանում են», ասվում է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

Մարտի 1-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պահանջել է «ՌոսԿոմՆադզոր»-ից՝ ԶԼՄ-ների և հաղորդակցությունների գրաքննության համար պատասխանատու պետական գործակալությունից, արգելափակել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի և «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերության կայքերը՝ զրկելով նրանց հեռարձակման հնարավորությունից։ Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանի Դաշնության խորհուրդն օրենք է ընդունել, որով սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում ռուսական ռազմական գործողությունների մասին «կեղծ» տեղեկությունների տարածման համար։

«Ռուսաստանի կառավարությունը նաև սահմանափակում է մուտքը Twitter, Facebook և Instagram հարթակներ, որոնց միջոցով Ռուսաստանի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ ունեն անկախ տեղեկատվություն ստանալու և տարբեր կարծիքներ լսելու հնարավորություն, ինչպես նաև կապ են հաստատում միմյանց և արտաքին աշխարհի հետ», ասել է Փրայսը։ Սա ևս մեկ միջոց է, որի օգնությամբ կառավարությունը «սահմանափակում է, թե որտեղ և ինչպես Ռուսաստանի քաղաքացիները կարող են տեսնել և տարածել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին ճշմարտության ապացույցներ»։

«Ռուսաստանի ժողովուրդը չի ընտրել այս պատերազմը։ Դա արել է Պուտինը։ Նրանք իրավունք ունեն իմանալ իրենց կառավարության կողմից Ուկրաինայի ժողովրդին պատճառված մահերի, տառապանքի և ավերածությունների մասին», ասել է Փրայսը։

«Ռուսաստանի ժողովուրդը նաև իրավունք ունի իմանալ այս անիմաստ պատերազմում իրենց զինված ուժերի մարդկային կորուստների մասին։ Մենք կոչ ենք անում Պուտինին և նրա կառավարությանը հարգել Ռուսաստանի միջազգային պարտավորությունները և հանձնառությունները, անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դուրս բերել իր զորքերը Ուկրաինայի տարածքից, ինչպես նաև հարգել սեփական քաղաքացիների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։