ՆԱՏՕ-ն պատրաստ է ներկա և ապագա մարտահրավերներին

Նախագահ Բայդենի խոսքով՝ «ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ գլոբալ անվտանգության պատվարը»

Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում հյուրընկալել էր ՆԱՏՕ-ի անդամ 32 պետությունների ղեկավարներին և գործընկեր երկրների ներկայացուցիչներին։

«Այստեղ նրանք ստորագրեցին Վաշինգտոնի պայմանագիրը և ստեղծեցին Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը՝ համաշխարհային պատմության մեջ ամենամեծ ու ամենաարդյունավետ պաշտպանական դաշինքը»։

Այսօր ՆԱՏՕ-ն ավելի հզոր և ռեսուրսներով ավելի լավ ապահովված դաշինք է, քան երբևէ՝ ասել է նախագահ Բայդենը։

«Լավ է, որ ավելի ուժեղ ենք, քան երբևէ, քանի որ պատմության ներկայիս պահը պահանջում է մեր հավաքական ուժը։ Ավտոկրատները ցանկանում են փոխել համաշխարհային կարգը, որը, մեծ հաշվով, պահպանվում է արդեն գրեթե 80 տարի։ Ահաբեկչական խմբավորումները շարունակում են չարամիտ ծրագրեր մշակել՝ քաոս ու տառապանք սփռելով։ Եվրոպայում՝ Պուտինի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ շարունակվում է։ Պուտինը ցանկանում է ամբողջովին հպատակեցնել Ուկրաինան… ։ Եվ մենք գիտենք, որ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում։ Բայց վստահ եղեք, Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին և կկանգնեցնի՛ նրան, հատկապես մեր լիակատար, հավաքական աջակցությամբ, իսկ նրանք ունեն մեր լիակատար աջակցությունը»։

Նախագահ Բայդենը նշել է, որ գրեթե երկու տասնյակ դաշնակից ու գործընկեր երկրներ Ուկրաինայի հետ ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրեր։ Սպասվում է նոր համաձայնագրերի ստորագրում։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Իտալիան Ուկրաինային կտրամադրեն սարքավորումներ՝ ռազմավարական նշանակության հակաօդային պաշտպանության լրացուցիչ հինգ համալիրների հավաքման համար։ «Իսկ առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները և մեր գործընկերները մտադիր են Ուկրաինային տրամադրել մարտավարական նշանակության հակաօդային պաշտպանության տասնյակ լրացուցիչ համալիրներ»,- ասել է նա։

«Չկասկածե՛ք, Ռուսաստանը պարտվելու է այս պատերազմում», հայտարարել է նախագահ Բայդենը։

«Ավելի քան երկու տարի տևող այս պատերազմում, որը գիտակցաբար ընտրել է Պուտինը, նրա կորուստները ցնցող են. ավելի քան 350,000 ռուս զինծառայող է զոհվել կամ վիրավորվել։ Գրեթե 1 միլիոն ռուսաստանցիներ, որոնցից շատերը երիտասարդներ են, լքել են Ռուսաստանը, քանի որ նրանք այլևս ապագա չեն տեսնում այնտեղ ... Իսկ Կիևը ... երկուսուկես տարի անց դեռ կանգուն է և կմնա կանգուն»։

Նախագահ Բայդենի խոսքով՝ «ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ գլոբալ անվտանգության պատվարը»։

«Կրիտիկական պահերին մենք միշտ ընտրել ենք միաբանությունը, այլ ոչ թե պառակտումը, առաջընթացը, այլ ոչ թե ընկրկելը, ազատությունը, այլ ոչ թե բռնակալությունը, հույսը, այլ ոչ թե վախը։ Կրկին ու կրկին մենք պաշտպանում ենք խաղաղ ու բարգավաճող անդրատլանտյան համայնքի մեր ընդհանուր տեսլականը»։

«Մենք հավաքվել ենք այս գագաթնաժողովում, որպեսզի հայտարարենք, որ ՆԱՏՕ-ի պատրաստ է և կարող է ապահովել այդ տեսլականը այսօր և ապագայում»,- հայտարարել է նախագահ Բայդենը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։