Նախագահներ Բայդենն ու Ծինփինը վերականգնում են երկկողմ հարաբերույթունները

«Առաջընթաց»՝ այսպես է բնութագրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի իր գործընկերոջ Սի Ծինփինի հետ կայացած հանդիպումը։

Շուրջ մեկ տարվա դադարից հետո, երկու երկրների ղեկավարները հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում կայացած Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազամակերպության (APEC) գագաթնաժողովին։

«Այսօր հենվելով նախորդ ամիսներին մեր երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտության շնորհիվ ստեղծված հիմքի վրա՝ կարծում եմ, կարևոր առաջընթաց ենք գրանցել»։

Նախագահ Բայդենի վկայակոչած համաձայնությունը նախևառաջ վերաբերում է թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերսկսմանը, մասնավորապես՝ ֆենտանիլ թմրանյութի արտադրության համար կիրառվող քիմիական նյութերի և սարքավորումների տարածման դեմն առնելու ուղղությամբ։

«Քայլեր ենք ձեռնարկում [որոշակի] քիմիական նյութերի ու հաբերի արտադրության համար նախատեսված սարքերի հոսքը Չինաստանից դեպի արևմտյան կիսագունդ զգալիորեն նվազեցնելու ուղղությամբ։ Այն կյանքեր կփրկի։ Բարձր եմ գնահատում նախագահ Սիի հանձնառությունն այս հարցում։ Նախագահ Սին և ես մեր թիմերին հանձնարարել ենք հետայսու շարունակաբար համակարգել [այդ ուղղությամբ] քաղաքականությունն ու իրավապահ մարմինների գործունեությունը՝ համոզվելու, որ այն կյանքի կկոչվի»։

Երկրորդ կետը, որի շուրջ հնարավոր է եղել համաձայնության հասնել և որը նախագահ Բայդենը անվանել է «չափազանց կարևոր», երկու երկրների զինվորականների միջև բարձր մակարդակով երկխոսության վերսկսումն է։

«Վերականգնում ենք ուղիղ, բաց, հստակ հաղորդակցությունը։ ... Կողմերի միջև թյուրըմբռնումները կարող են հանգեցնել շատ լուրջ խնդիրների։ Ուստի, կարծում եմ, մենք այս հարցում ևս իրական առաջընթաց ենք գրանցել»։

Երրորդ, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ամերիկացի ու չինացի փորձագետների հանդիպման մասին՝ արհեստական բանականության ոլորտում ռիսկերին և անվտանգությանը վերաբերող քննարկումներ անցկացնելու նպատակով։

«Սրանք ճիշտ ուղղությամբ շոշափելի քայլեր են՝ հասկանալու, թե ինչն է օգտակար, ինչը՝ ոչ, ինչն է վտանգավոր, ինչը՝ ընդունելի»,- հայտարարել է նախագահ Բայդենը։

ԱՄՆ նախագահ Բայդենը նշել է, որ Չինաստանի ղեկավարի հետ մտքեր են փոխանակել նաև մի շարք գլոբալ հարցերի շուրջ, այդ թվում քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը և իրավիճակը Գազայում։

«Ինչպես միշտ, բարձրաձայնել եմ այն հարցերի մասին, որոնց հետ կապված Միացյալ Նահանգները մտահոգություններ ունի՝ կապված Չինաստանի գործողությունների հետ, ներառյալ՝ կալանավորված ԱՄՆ քաղաքացիների, որոնց ելքը երկրից արգելված է, մարդու իրավունքների և Հարավչինական ծովում իրավիճակի։ ... Նաև ընդգծել եմ Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը»։

Նախագահ Բայդենի խոսքով, նախագահ Ծինփինի հետ հանդիպումը աշխարհին ի ցույց դրեց ամերիկյան դիվանագիտության կարողությունը․ «Խոսում ենք մեր մրցակիցների հետ ... Պարզապես միմյանց հետ անկեղծ լինելը՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար, համաշխարհային կայունության պահպանման և ամերիկյան ժողովրդի շահերին հետամուտ լինելու համար, կարևոր տարր է»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։