Սակայն, ըստ նոր զեկույցի, գործ ունենք ուկրաինացի երեխաների դեմ իրականացվող Կրեմլի հանցագործությունների միայն մեկնարկի հետ։
ԱՄՆ Պետքարտուղարության աջակցությունը վայելող Conflict Observatory ծրագիրը վերլուծում և պահպանում է հանրությանը հասանելի տեղեկատվությունն ու այն հասանելի դարձնում՝ ընթացիկ և ապագա հաշվետվողական մեխանիզմներում օգտագործելու համար: Օգտագործելով այս տվյալները՝ Յեյլի համալսարանը կազմել է մի զեկույց, այն ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, և ըստ որի՝ հայտնաբերվել է «երեք՝ փոխկապակցված, Ռուսաստանին առնչվող՝ երեխաների տեղաբաշխման վերաբերյալ տվյալների շտեմարաններ, որոնց համաձայն՝ ուկրաինացի երեխաները Ռուսաստանում որբ են ձևակերպվել, համակարգված տեղափոխել են, որդեգրել ու հպատակագրել (նատուրալիզացրել)»։
Ավելին, «նախագահ [Վլադիմիր] Պուտինի անձնական օգտագործման՝ նախագահական օդանավով և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով երեխաներին Ուկրաինայից տեղափոխել են Ռուսաստան և Ռուսաստանի տարբեր մարզերի միջև՝ 2022 թվականին»:
«Ռուսական ուժերը գողացել են երեխաներին և ուղարկել նրանց Ուկրաինայի ինքնիշխան տարածքի՝ ռուսաստանյան օկուպացված հատվածներ կամ արտաքսել հենց Ռուսաստան, որտեղ նրանց հետքերը հաճախ քողարկվել են»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
«Ռուսաստանյան [իշխանությունները] ուկրաինացի երեխաներին տվել են ռուսական անուններ, ռուսական անձնագրեր և մաս դարձրել ռուսաստանյան «ռազմահայրենասիրական» ծրագրերին։ Նրանք պատժել են երեխաներին՝ ուկրաիներեն խոսելու համար, խաբել նրանց իրենց ընտանիքների և համայնքների ճակատագրերի մասին և ստիպել նրանց, որպեսզի համաձայնեն որդեգրվել ռուսաստանյան ընտանիքների կողմից:
«Այսինքն՝ Ռուսաստանը ձգտել է համակարգված կերպով ջնջել այդ երեխաների ինքնությունը»։
«Ռուսաստանցի պաշտոնյաները և ռուսական [իշխանությունները] ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել»,- ընդգծել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը: «Ռուսաստանը շարունակում է պահանել անզիջում կեցվածք՝ չզղջալով ու խափանելով անհայտ կորած [ուկրաինացի] երեխաներին հայտնաբերելու և նրանց ընտանիքների ու օրինական խնամակալների հետ վերամիավորելու միջազգային ջանքերը:
«Միացյալ Նահանգները՝ գործընկերների հետ ողջ աշխարհում, միջոցներ է ձեռնարկել ռուսաստանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Այս տարվա մարտին մենք միացանք ուկրաինացի երեխաների վերադարձի [համար պայքարող] միջազգային կոալիցիային:
Շարունակում ենք աջակցել Ուկրաինայի պետական իշխանություններին, միջազգային ջանքերին և քաղաքացիական հասարակությանը՝ ուկրաինացի երեխաների անվտանգ վերադարձի և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»:
«Երեխաները երբեք պատերազմներ չեն սկսում, բայց նրանք միշտ պատերազմի զոհ են դառնում»,- ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը: «Եթե Կրեմլը հասնի իր ռազմական նպատակներին և ուժով փոխի Ուկրաինայի սահմանները կամ վերջ տա Ուկրաինայի գոյությանը՝ որպես ինքնիշխան և անկախ երկիր, Ռուսաստանն այլուր կշարունակի իր գործողությունները, և ավելի շատ մարդիկ, ավելի շատ երեխաներ կտուժեն։ Չպե՛տք է թույլ տանք, որ դա տեղի ունենա»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։