Ուկրաինայում Պուտինի սանձազերծած անմիտ պատերազմի անուղղակի հետևանքները

(FILE) A Russian service member prepares a UAV for launch in Ukraine.

Այսօր աշխարհն ականատես է Ուկրաինայում Պուտինի սանձազերծած անմիտ պատերազմի ուղղակի և անուղղակի հետևանքներին, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ Առաջին հերթին, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կտրուկ սրել է համաշխարհային պարենային ճգնաժամը, նշել է նա։

Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը կենսական նշանակություն ունի աշխարհում սովից տառապող մարդկանց սննդապահովման համար, չի բավարարում հացահատիկի համաշխարհային պահանջարկը։ Դեսպան Թոմաս-Գրինֆիլդի խոսքերով՝ Ռուսաստանի կողմից տեսչական ստուգումների միտումնավոր հապաղումների պատճառով տասնյակ նավեր սպասում են մեկնելու հրահանգի.

«Նախաձեռնությունը պետք է գործի այնպես, ինչպես նախատեսված էր՝ ամսական տեղափոխելով հինգ միլիոն տոննա պարեն։ Դա ամենաքիչն է, որ կարելի է անել աշխարհում քաղցի մատնված մարդկանց համար. . . Ես խնդրում եմ Խորհրդի անդամներին միանալ մեզ՝ կոչ անելով Ռուսաստանին անհապաղ ընդլայնել համագործակցությունը»։

Դեսպան Թոմաս-Գրինֆիլդը նաև ուշադրություն է հրավիրել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ուժերի կողմից կանանց, տղամարդկանց և երեխաների նկատմամբ սեռական բռնության մանրամասն փաստագրված դեպքերի վրա։

Վերջին ամիսներին պատերազմի հրահրմանը նպաստում են Իրանը և ԿԺԴՀ-ն, որոնք արգելված նյութական միջոցներ են փոխանցում Ռուսաստանին։ Օգոստոսից սկսած Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է փոխանցել Ռուսաստանին և, հնարավոր է, որ դիտարկում է նաև բալիստիկ հրթիռներ փոխանցելու հարցը, նշել է դեսպան Թոմաս Գրինֆիլդը.

«Մենք կարծում ենք, որ Իրանն այժմ դիտարկում է Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ վաճառելու հնարավորությունը... խախտելով Խորհրդի բանաձևերը։ Մենք կոչ ենք անում Իրանին այդ քայլին չդիմել... Եվ մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր աջակցում են խաղաղությանը, խնդրել Իրանին անել նույնը»։

2022 թվականի նոյեմբերին ԿԺԴՀ-ն հրետանային արկեր և հրթիռներ է մատակարարել Ռուսաստանին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից աջակցվող «Վագներ» խմբի օգտագործման համար՝ ի խախտումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցային բանաձևերի։ Միացյալ Նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի գործողությունները և կոչ անում ԿԺԴՀ-ին դադարեցնել այդ մատակարարումները, որոնք Անվտանգության խորհրդի բանաձևերի բացահայտ խախտում են և նպաստում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և պատերազմի հետագա բորբոքմանը։

Ուկրաինայի ժողովուրդը, ինչպես նաև ամբողջ աշխարհի մարդիկ ծանր տառապանքների են ենթարկվում։ Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ բնականոն կյանքի։ Ամբողջ աշխարհում մարդիկ ցանկանում են լուծել պարենային անվտանգության խնդիրները և այլ գլոբալ մարտահրավերները, այլ ոչ թե խորացնել դրանք։ Հիմա ժամանակն է, որ բոլոր երկրները միավորվեն և Ռուսաստանից պահանջեն վերջ դնել այս անիմաստ պատերազմին։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։