Ընդլայնվում է մարդասիրական օգնության առաքումը Գազա

Ինքնաթիռը մարդասիրական օգնություն է նետում Գազայի հատվածի հյուսիսում, ինչպես երևում է Գազայի կենտրոնական հատվածից, 2024 թվականի մարտի 25:

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, Գազայում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծվել է աղետալի հումանիտար իրավիճակ, որն օրեցօր վատթարանում է։

«Ըստ կանխատեսումների՝ մայիսի վերջին Գազայում ավելի քան մեկ միլիոն մարդ կբախվի պարենային սուր անապահովության, իսկ Գազայի հյուսիսային հատվածում սովն անխուսափելի է»,- հայտարարել է Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը։ Նա ընդգծել է, որ արդեն հաղորդումներ են ստացվել սովի պատճառով մահվան դեպքերի մասին։

Միացյալ Նահանգները շարունակում է ջանքերը Գազա առաքվող մարդասիրական օգնության ընդլայնման ուղղությամբ՝ ասել է ՄԱԿ-ում հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ այլընտրական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը։

«Իրականում, Գազայում երեխաները մահանում են սովից, քանի որ մարդասիրական օգնությունը չի հասնում նրանց։ Երեխաները չպետք է մահանան թերսնուցումից ո՛չ Գազայում, ո՛չ այլուր։ Գազայի բնակչության հարյուր տոկոսը բախվում է պարենային անապահովության սուր խնդրի»։

«Թեև հրադադարը, որի ուղղությամբ աշխատում ենք, կլինի մարդասիրական օգնությունն ավելացնելու լավագույն և ամենաուղիղ միջոցը, [սակայն] այն միակ ճանապարհը չէ»,- ասել է դեսպան Վուդը։

«Շարունակում ենք համակարգել միջազգային ջանքերը՝ ծովային միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը ներառում է աջակցություն ԱՄՆ ռազմական առաքելության կողմից՝ ժամանակավոր նավամատույցի կառուցման գործում՝ որպես [Գազային] օգնության լրացուցիչ խողովակ։ Նաև շարունակում ենք օդային ճանապարհով օգնություն հասցնել Գազա»։

«Ծովային միջանցքը և օդային բեռները լրացնում են, ոչ թե փոխարինում անհրաժեշտ ցամաքային մուտքը Գազա, [որն անհրաժեշտ է] արձագանքելու Գազային [սպառնացող] վերահաս սովին»։

Միևնույն ժամանակ, շարունակում ենք Իսրայելի կառավարությանը հորդորել զերծ մնալ Ռաֆահի դեմ ցամաքային ռազմական գործողություն իրականացնելուց։ «Այն կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի, հումանիտար օգնության տրամադրման առումով ավելի մեծ քաոսի»,- ասել է դեսպան Վուդը։

«Վերջապես, վերահաստատում ենք մեր աջակցությունը Իսրայելում և Գազայում երկարաժամկետ խաղաղությանն ու անվտանգությանը»։

«Ինչպես նշել է պետքարտուղար Բլինքենը, Գազայի հատվածը չի կարող օգտագործվել որպես ահաբեկչության հարթակ։ Այնտեղ չի կարող լինել բնակչության ոչ մի տեղաշարժ։ Չի կարող լինել տարածքի կրճատում կամ վերստին իսրայելական օկուպացիա։ Համամիտ ենք, որ այդ նպատակով անհրաժեշտ է անցնել երկու պետությունների ստեղծմանը՝ իրական երաշխիքներ ապահովելով Իսրայելի անվտանգությանը»։

«Այդուհանդերձ, դա պահանջում է նաև Պաղեստինի վարչակազմի իրական բարեփոխումներ։ Եվ չնայած եղել են որոշ նախնական քայլեր, անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր այս ուղղությամբ։ Պաղեստինի վարչակազմի վերածնունդը՝ ավելի լավ, ավելի ներկայացուցչական կառավարության միջոցով՝ ներառելով Գազայի պաղեստինցիներին, էական նշանակություն կունենա Պաղեստինյան վարչակազմի գլխավորությամբ Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին միասնական կառավարության ստեղծման տեսլականին հասնելու համար»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։