2024 թվականի Գոհաբանության տոնը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել հնդկահավին Ազգային Գոհաբանության տոնի կապակցությաքմբ` Սպիտակ տանը

Նոյեմբերի չորրորդ հինգշաբթին ամերիկացիները նշում են Գոհաբանության տոնը։

Թեև տոնը նման է հազարամյակներ առաջ երկրագործական հասարակություններում բերքահավաքի ավանդական տոնակատարություններին, այն նվիրված է առաջին եվրոպացիների փորձառությանը, որոնք բնակություն են հաստատել ներկայիս Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան տարածքում։

1621 թվականի սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում 53 անգլիացի տղամարդիկ, կանայք և երեխաներ շուրջ 90 բնիկ ամերիկացիների հետ համատեղ ճաշկերույթ կազմակերպեցին՝ շնորհակալություն հայտնելու առաջին բերքի համար իրենց նոր տունը դարձած Փլիմութ գաղութում, որը գտնվում է ներկայիս Մասաչուսեթս նահանգի տարածքում։

Ժամանելով այնտեղ նախորդ տարվա նոյեմբերին՝ նրանք բոլորովին անպատրաստ էին Մասաչուսեթսի խստաշունչ ձմռանը։ Եթե չլիներ Վամպանոագ ցեղի իրենց հարևանների փութաջան օգնությունը, հավանաբար, «Մեյֆլաուեր» նավից ամերիկյան ափ իջած առաջին 102 եվրոպացիներից ոչ մեկը չէր ապրի մինչև հաջորդ գարուն։

Գոհաբանության այդ առաջին տոնը, թեև այն ժամանակ դեռ այդպես չէր կոչվում, ուղեկցվում էր խաղերով, ռազմական ցուցադրություններով և համընդհանուր ուրախությամբ։ Կրոնական արարարողությունից հետո մատուցված ճոխ խնջույքին հավաքվածները վայելում էին եղնիկի մսից, բադի և այլ թռչնամսից պատրաստված ուտեստներ, ձկներ և կակղամորթեր, ինչպես նաև չորացրած եգիպտացորեն, եգիպտացորենի հաց, բանջարեղեն և մրգեր։

Ավանդույթը պահպանվում է մինչև օրս, չնայած ճաշացանկը փոխվել է։ Հեռու ու մոտիկ տեղերից ընկերներն ու հարազատները հավաքվում են տոնական սեղանի շուրջ, որտեղ պատվավոր տեղ է զբաղեցնում տապակած հնդկահավը՝ լոռամրգի սոուսով, կարտոֆիլով, տարատեսակ բանջարեղենով, իսկ դդմի կարկանդակը սպասում է իր ժամին։ Այսօր էլ տոնը նշվում է խաղերով և ընթրիքից հետո հեռուստացույցով ֆուտբոլ դիտելով։

«Մեր երկրի ամբողջ պատմության ընթացքում խորհելու և երախտագիտության այս շրջանը գալիս է թե՛ բարենպաստ, թե՛ դժվարին ժամանակներում»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մինչ Ամերիկայի Միացյալ Նահանգների ձևավորումը, ուխտավորները նշում էին Գոհաբանության օրը՝ ի պատիվ իրենց առաջին հաջող բերքահավաքի և վամպանոագ ժողովրդի աջակցության ու առատաձեռնության, որոնց շնորհիվ դա հնարավոր դարձավ»,- շարունակել է նախագահ Բայդենը։

Գոհաբանության տոնը սկսվել է որպես շնորհակալության աղոթք ներգաղթյալների կողմից, որոնք, առանց իրենց բնիկ հարևանների աջակցության, ամենայն հավանականությամբ չէին գոյատևի իրենց առաջին տարին Հյուսիսային Ամերիկայում։ Այսօր Գոհաբանության տոնը ընտանիքի և ընկերների հավաքույթի օր է՝ ևս մեկ անգամ իրենց երախտագիտությունը հայտնելու պայծառ ապագայի հնարավորության համար։

Սույն խմբագրականն արտացոլում է ամերիկյան իդեալները և հաստատությունները։