Միացյալ Նահանգները կշարունակի սատար կանգնել իր զինված ուժերին

(FILE) Crewmen enter fighting vehicles at a US military in Syria.

Միացյալ Նահանգներն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Իրանի հետ կապված խմբավորումներին այն բանից հետո, երբ Սիրիայի հյուսիսարևելքում կոալիցիայի բազայի մոտ անօդաչու թռչող սարքի մահացու հարձակման հետևանքով զոհվեց ամերիկացի պայմանագրային զինծառայող և վիրավորվեցին հինգ ամերիկացի զինվորականներ ու ևս մեկ ամերիկացի պայմանագրային զինծառայող։

Նախագահ Ջո Բայդենի ցուցումով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը պատասխանել են մարտի 23-ի անօդաչու թռչող սարքի հարձակմանը (և Իրանի կողմից աջակցվող ուժերի մի քանի հաջորդող հարձակումներին)՝ ճշգրիտ հարվածներ հասցնելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտներին։ Օտտավայում կայացած մամուլի ճեպազրույցում նախագահ Բայդենը հստակ ուղերձ է հղել. «Սխալներ մի գործեք։ Միացյալ Նահանգները չի ձգտում, ես շեշտում եմ, չի ձգտում հակամարտության Իրանի հետ, բայց պատրաստ եղեք, որ մենք ուժ կգործադրենք՝ պաշտպանելու մեր ժողովրդին»։

Պենտագոնի խոսնակ բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը նշել է, որ Կենտրոնական հրամանատարության ուժերի ճշգրիտ հարվածները «նախատեսված էին պաշտպանելու ԱՄՆ անձնակազմը, և ԱՄՆ-ն ձեռնարկել է համաչափ ու կանխամտածված գործողություններ՝ նպատակ ունենալով սահմանափակել էսկալացիայի ռիսկը և նվազագույնի հասցնել կորուստները»։

Մարտի 23-ին Ներկայացուցիչների պալատի՝ Զինված ուժերի հարցերով հանձնաժողովին տված իր ցուցմունքի ժամանակ, որը տեղի է ունեցել ԱՄՆ ուժերի և օբյեկտների վրա վերջին հարձակումներից առաջ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Մայքլ «Էրիկ» Կուրիլան ասել է, որ 2021 թվականի սկզբից ի վեր Իրանի կողմից աջակցվող ուժերը Սիրիայում և Իրաքում 78 անգամ հարձակվել են ամերիկյան զորքերի վրա։ «Իրանի վարչակարգն այժմ տիրապետում է տարածաշրջանում ամենախոշոր և ամենամարտունակ անօդաչու թռչող սարքերին», նշել է նա Կոնգրեսում։ «Իրանն իր անմիջական մասնակցությունը թաքցնելու նպատակով գործում է Իրանին հարող այլ կողմերի միջոցով», ասել է գեներալ Կուրիլան։ «Օգտագործվում են կա՛մ անօդաչու թռչող սարքեր կա՛մ հրթիռներ, որպեսզի հաջողվի հարձակվել մեր ուժերի վրա Իրաքում կամ Սիրիայում»։

Միացյալ Նահանգները Սիրիայում ունի մոտ 900 ամերիկացի զինծառայող, որոնց առաքելությունն է ապահովել ԴԱԻՇ-ի կայուն պարտությունը։ «Ցավոք, այս իրավիճակում ակնհայտ է, որ Իրանի կողմից աջակցվող այդ խմբավորումները, որոնք գործում են ոչ միայն Սիրիայում, այլև Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցում և Իրաքում, ապակայունացնող գործողություններ են իրականացնում՝ ուղղված ահաբեկչության և անկայունության տարածմանը», ասել է բրիգադային գեներալ Ռայդերը։

«Միացյալ Նահանգները և մեր կոալիցիան, ինչպես և մեր գործընկերներն ու դաշնակիցները… փորձում են կայունություն և անվտանգություն ապահովել այս տարածաշրջաններում, և դա կշարունակի մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Մենք չենք ձգտում ավելի լայն հակամարտության», հայտարարել է նա։ «Այդուհանդերձ, եթե մեր ժողովրդին սպառնան, մեր արձագանքը կշարունակի լինել համապատասխան և համաչափ»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։