Աշխարհը պետք է միավորվի ահաբեկչության դեմ պայքարում

Officers collect evidence following an extremist-motivated suicide bombing attack at a district police station in Indonesia.

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ ահաբեկչությունից բխող գլոբալ սպառնալիքն աճում է և ավելի, քան երբևէ լայն տարածում է ստանում։ Այն հաղթելու համար նորացված հավաքական մոտեցում է անհրաժեշտ։

«Անցյալ տարի աշխարհում տեղի է ունեցել ավելի քան 8,000 ահաբեկչական գործողություն 65 երկրներում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 23,000 մարդ», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։

«Վերջին հարձակումներն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ինդոնեզիայում ոստիկանական բաժանմունքի ռմբակոծումը, Գերմանիայում պետական հեղաշրջման փորձը և այստեղ՝ մեր երկրում ատելության միջադեպերը, հիշեցնում են մեզ, որ ոչ մի երկիր ապահովագրված չէ այս սպառնալիքից, և մեզնից ոչ ոք կամ տարածաշրջանային որևէ դաշինք չի կարող միայնակ հաղթահարել այն։ Մենք բոլորս պետք է միասնաբար գործենք։

Մենք պարտավոր ենք համատեղ լուծել այդ հարցերը՝ ահաբեկչության վերահսկողության առումով խոցելի թերկառավարվող և չկառավարվող տարածքները, հավաքագրմանը նպաստող հուսահատ կենսապայմանները, ապօրինի ֆինանսավորման աղբյուրները, առցանց և սահմաններից դուրս տարածվող այլասերված գաղափարախոսությունները»։

ՄԱԿ-ն արձանագրել է, որ վերջին շրջանում ռասայական կամ էթնիկական պատկանելության հիմքով բռնի ծայրահեղականության դրսևորումները, ընդ որում՝ նոր անդրազգային միջխմբային կապերով, աճել են 320 տոկոսով։

«Այլատյացության, ռասիզմի, հրեատյացության և անհանդուրժողականության բոլոր ձևերի վրա հիմնված ատելության գաղափարախոսությունը սովորական երևույթ է դարձել առցանց տիրույթում, որտեղ նոր անդամներ են հավաքագրվում սոցիալական մեդիայի տարբեր հարթակների միջոցով, իսկ կեղծ և փոփոխությունների ենթարկված լուսանկարներն արագորեն տարածում են ապատեղեկատվություն և ատելություն սերմանում»։

«Հետևաբար, կարևոր է, որ մենք հիմնվենք մեր ընդհանուր հնարավորությունների վրա՝ այս նոր սպառնալիքներն ավելի արդյունավետ բացահայտելու, դրանք թուլացնելու և դրանց արձագանքելու համար», ասել է պետքարտուղարի տեղակալ Նուլանդը։ «Հիրավի արդյունավետ լինելու համար ահաբեկչության դեմ պայքարը պետք է խարսխված լինի ամբողջ կառավարության և ամբողջ հասարակության ջանքերին»։

«Մենք պետք է նպաստենք լավ կառավարմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին, կրթության, առողջապահության և տնտեսական հնարավորությունների հասանելիությանը։ Մենք պետք է սատարենք կառավարություններին և նրանց կարողություններին՝ իրենց քաղաքացիներին օգուտ բերելու հարցում։ Դա է բռնի ծայրահեղականության արատավոր շղթան խզելու բանալին։ … Ահա թե ինչու մեր ուշադրության կենտրոնում է ահաբեկչության դեմ պայքարի ներկայիս հուսալի գլոբալ շրջանակի իրականացումը, որը հիմնված է ամբողջ հասարակության ներգրավվածության մոտեցման վրա»։

Մեր բոլոր «ընդհանուր նպատակները վտանգված են ահաբեկչության համատարած սպառնալիքի պատճառով», ասել է պետքարտուղարի տեղակալ Նուլանդը։ «Եվ հակառակը նույնպես ճիշտ է, եթե մենք կարողանանք առաջընթաց գրանցել այդ նպատակներին հասնելու հարցում, մենք կցամաքեցնենք այն ճահիճը, որտեղ ապրում և բարգավաճում է ահաբեկչությունը»։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միավորվել ահաբեկչության արհավիրքի դեմ պայքարում։ … Ձախողման հետևանքները չպետք է ընդունելի լինեն մեզանից որևէ մեկի համար»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։