ԱՄՆ-ն օգնում են Կենտրոնական Ամերիկային հաղթահարել մոլեգնող փոթորիկների հետևանքները

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը գլխավորում է Կենտրոնական Ամերիկայում փոթորիկների հետևանքների վերացմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։ Աղետների ժամանակ աջակցության տրամադրման ԱՄՆ ՄԶԳ-ի արձագանքման խումբն աշխատում է ԱՄՆ-ի զինված ուժերի հետ համատեղ՝ ավերիչ փոթորիկներից տուժածներին օգնելու ուղղությամբ

Նոյեմբերի 3-ին և 16-ին տարածաշրջանում վրա հասած Էտա և Յոտա փոթորիկների հետևանքով զոհվել է 189 և տուժել ավելի քան 6 միլիոն մարդ Կոլումբիայում, Պանամայում, Նիկարագուայում, Գվատեմալայում և Հոնդուրասում։

Էլիսոն Լեփը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում փոթորիկներին արձագանքման գծով ԱՄՆ ՄԶԳ-ի կառավարման թիմի պատասխանատուն է.

«Որոշ վայրերում ջրհեղեղի պատճառով ջրի մակարդակը գերազանցում էր մեկուկես մետրը, և տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տները և գնալ կոլեկտիվ տարհանման կենտրոններ»։

Այդ կենտրոններում ԱՄՆ ՄԶԳ-ի թիմն իրականացնում է «կյանքի փրկությանն ուղղված անհապաղ միջոցառումներ», մատակարարում է սնունդ և մաքուր խմելու ջուր, ինչպես նաև հոգում է այլ հիմնական կարիքների մասին.

«Ապաստարաններում կենսական պայմանները բարելավելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրում է, օրինակ, ներքնակներ, ծածկոցներ և հիգիենայի պարագաներ։ Մենք նաև ֆինանսավորել ենք սանիտարական և լոգանքի հարմարությունների տեղադրումը, որպեսզի մարդիկ կարողանան բավարարել իրենց տարրական կարիքները»։

Միացյալ Նահանգների կառավարությունը մոտ 48 միլիոն դոլար է հատկացրել Լատինական Ամերիկայում փոթորիկներից տուժած անապահով բնակչությանն օգնելու համար։ Ի աջակցություն ԱՄՆ ՄԶԳ-ի ջանքերին՝ ԱՄՆ զինված ուժերը շուրջ 550 տոննա սննդամթերք, ջուր և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են հասցրել դժվարամատչելի շրջաններ, որտեղ առավել շատ դրանց կարիքը կար։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի գործող ծրագրերից միջոցներ են տրամադրվում տարհանման կենտրոններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Այդ ամենը հիմնված է ԱՄՆ ՄԶԳ-ի բազմամյա ջանքերի վրա՝ ուղղված աղետներին արձագանքելու կարողությունների ամրապնդմանը, վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործմանը, տարրական դպրոցներում աղետների նախապատրաստման դասընթացների ուսուցմանը, համայնքների գործողությունների ծրագրերի մշակմանը և առաջին արձագանքման մասնագետների վերապատրաստմանը։

Ավելի երկարաժամկետ հեռանկարում ներկայիս օգնությունը նաև հիմք կստեղծի, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց համայնքներ, և կօգնի սկսել շուտափույթ վերականգնման գործողությունները։

«Մեր ծրագրերը կգործեն մինչև 12 ամիս։ Դրանից հետո օժանդակությունը կշարունակվի ԱՄՆ ՄԶԳ-ի տեղական առաքելությունների մակարդակով, որոնք աշխատելու են վերակառուցման և ապա երկարաժամկետ զարգացման ծրագրերի ուղղությամբ՝ ի աջակցություն այդ երկրների»։

«Դա պարզապես ամերիկացի ժողովրդի սրտից բխող մեծահոգության դրսևորում է աղետներից առավել տուժած մարդկանց նկատմամբ», եզրափակել է Լեփը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։