ԱՄՆ-ը սահմանափակել է Չեչնիայի առաջնորդի վիզայի արտոնությունները

ԱՄՆ-ը «հավաստի տեղեկություններ ունի, որ Քադիրովը պատասխանատու է մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումների համար, որոնք տեղի են ունեցել ավելի քան տասը տարի առաջ։ Խոսքը նաեւ խոշտանգումների և արտադատական մահապատիժների մասին է։

«Չկա առավել դաժան բռնակալություն, քան այն, որը գործում է օրենքների ստվերում և հանուն արդարության», գրել է ֆրանսիացի մեծ քաղաքական փիլիսոփա Մոնտեսքյոն։ Ասվածը լավագույն կերպով նկարագրում է Ռուսաստանի Չեչենական Հանրապետության բռնապետ առաջնորդ Ռամզան Քադիրովի ավտորիտար վարչակարգը։

Այդ պատճառով Միացյալ Նահանգները արտոնագրային նոր սահմանափակումներ է կիրառել Քադիրովի և նրա ընտանիքի նկատմամբ՝ Չեչնիայի ժողովրդի մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։ Դա նշանակում է, որ Քադիրովի, նրա կնոջ և երկու չափահաս դուստրերի մուտքը Միացյալ Նահանգներ այժմ արգելված է։

Իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նշել է, որ ԱՄՆ-ը «հավաստի տեղեկություններ ունի, որ Քադիրովը պատասխանատու է մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումների համար, որոնք տեղի են ունեցել ավելի քան տասը տարի առաջ։ Խոսքը նաեւ խոշտանգումների և արտադատական մահապատիժների մասին է»։ Դրանք ներառում են հավաստի տեղեկություններ ԼԳԲՏԻ անձանց զանգվածային ձերբակալությունների և կտտանքների մասին։

2018 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման հետաքննության արդյունքում պարզել է, որ «հալածանքները և հետապնդումները, կամայական կամ ապօրինի ձերբակալությունները կամ կալանավորումները, խոշտանգումները, բռնի անհետացման դեպքերը և արտադատական մահապատիժները» տեղի են ունեցել «անպատժելիության մթնոլորտում»։

Քադիրովի ընդդիմախոսները տարիներ շարունակ բարձր գին են վճարել Չեչնիայում չարաշահումների մասին հաղորդումներ տալու համար։ 2017 թվականին Քադիրովի հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող մի քանի չեչեններ մեղավոր են ճանաչվել Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ։ 2009-ին «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի աշխատակից Նատալյա Էստեմիրովան առևանգվել է Չեչնիայի իր տնից և սպանվել։ Վերջին տարիներին սպանվել են նաև Քադիրովի՝ եվրոպաբնակ աքսորյալ մի շարք ընդդիմախոսներ։

Վերջին շրջանում Քադիրովը մի շարք այլ բռնապետ ղեկավարների նման կորոնավիրուսի համավարակի քողի ներքո շարունակում է ճնշումներ գործադրել իր ժողովրդի նկատմամբ։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Քադիրովը սպառնացել է այն լրագրողներին, որոնք հաղորդել են Կովիդ-19-ի թեստավորման համար մարդկանց վախեցնելու իր կառավարության ջանքերի մասին՝ անվանելով նրանց «պետության թշնամիներ»։

ԱՄՆ-ի կառավարության այս լրացուցիչ միջոցները Քադիրովի համար ազդակ են, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումները հետևանքներ են ունենում իր և իր ընտանիքի համար։ Միացյալ Նահանգները կկիրառի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ պատասխանատվության կանչելու բոլոր նրանց, ովքեր նման զազրելի պահվածք են դրսևորում։

Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանի կառավարությանը վերջ դնել Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքում անպատժելիությանը և ապահովել, որ Ռուսաստանում, այդ թվում և Չեչնիայում, բոլորը կարողանան օգտվել իրենց հիմնարար ազատություններից՝ չվախենալով վրեժխնդրությունից։