ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար

Ընտրությունները ժողովրդավարական կառավարման համակարգի հիմնաքարն են։

ԱՄՆ-ի ընտրական համակարգը թիրախավորելու փորձերը հարձակում են Միացյալ Նահանգների ժողովրդավարական արժեքների վրա։ Ուստի զարմանալի չէ, որ ԱՄՆ-ի կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում ամերիկյան ընտրական համակարգը խաթարելու կամ շահարկելու ցանկացած փորձի։

«Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն փորձել է խաթարել ժողովրդավարական գործընթացները և ինստիտուտները, որոնք էական նշանակություն ունեն մեր և այլ երկրների ժողովրդավարության կենսունակության համար», ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երկու անհատների և չորս կազմակերպությունների նկատմամբ, որոնք սատարում են Կրեմլի՝ վնասակար ազդեցության գլոբալ գործունեությանը և ընտրություններին միջամտելուն ուղղված քայլերը»:

Ռուսաստանի հակագլոբալիստական շարժման նախագահ և հիմնադիր Ալեքսանդր Վիկտորովիչ Իոնովն օգտագործում է իր դիրքը և տարբեր ընկերություններ՝ խթանելու Ռուսաստանի ապատեղեկատվության օրակարգը, և աշխատել է Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հետ՝ աջակցելու այնպիսի կազմակերպությունների, որոնք, իրենց կարծիքով, կարող են սոցիալ-քաղաքական ընդվզումներ առաջացնել Միացյալ Նահանգներում։

Նա նաև «Իոնով Տրանսկոնտինենտալ» ընկերության նախագահն ու սեփականատերն է և STOP-Imperialism վեբկայքի դոմենի սեփականատերը։

Իոնովը ներառվել է պատժամիջոցների ցուցակում՝ թիվ 14024 գործադիր հրամանի համաձայն՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության կառավարության կամ նրա անունից գործելու համար։ Մինչդեռ Ռուսաստանի հակագլոբալիստական շարժումը և «Իոնով Տրանսկոնտինենտալ»-ը ներառվել է ցուցակում՝ թիվ 14024 գործադիր հրամանի համաձայն՝ որպես Իոնովին պատկանող կամ նրա կողմից վերահսկվող ընկերություն։ STOP-Imperialism-ը նույնպես ներառվել է ցուցակում՝ թիվ 14024 գործադիր հրամանի համաձայն՝ Իոնովի անունից գործունեություն ծավալելու համար։

Նատալյա Վալերիևնա Բուռլինովան «Ստեղծարար դիվանագիտություն» հասարակական նախաձեռնությունների աջակցության և զարգացման կենտրոնի (որը նաև հայտնի է որպես PICREADI կամ Ստեղծարար դիվանագիտություն) հիմնադիրն ու նախագահն է։ Բուռլինովան և PICREADI-ն ուղղակիորեն ֆինանսավորվում և ուղղորդվում են Ռուսաստանի հետախուզական ծառայությունների կողմից, որոնք նաև ուսումնասիրում են PICREADI-ի կողմից հովանավորվող միջոցառումների մասնակիցների աշխատանքային ուղիները և պաշտոնները։

Բուռլինովան ներառվել է պատժամիջոցների ցուցակում՝ թիվ 14024 գործադիր հրամանի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից գործելու համար։

PICREADI-ն ներառվել է ցուցակում՝ թիվ 14024 գործադիր հրամանի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից գործելու և Բուռլինովային պատկանելու համար։

Այս ցուցակում ներառվելու արդյունքում արգելափակվում է ԱՄՆ իրավասության ներքո գտնվող ցանկացած գույք, որի առնվազն 50 տոկոսը պատկանում է այս ֆիզիկական և իրավաբանական անձանց։

«Կրեմլը բազմիցս փորձել է վտանգել և խաթարել մեր ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները», ասել է Ֆինանսների նախարարության ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը։ «Միացյալ Նահանգները կշարունակի մեր լայնածավալ աշխատանքը՝ հակազդելու այդ ջանքերին և պաշտպանելու մեր ժողովրդավարությունը Ռուսաստանի միջամտությունից»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։