«Եկել ենք՝ ունենալով չորս նպատակ»,- հայտարարել էր Բլինքենը։
«Ի ցույց դնել, որ Միացյալ Նահանգները Իսրայելի կողքին է։ Կանխել հակամարտության տարածումը։ Աշխատել՝ հասնելու պատանդների, այդ թվում՝ ամերիկացիների ազատ արձակմանը, և կարգավորել Գազայում ստեղծված մարդասիրական ճգնաժամը»։
«Գոյություն ունեն Մերձավոր Արևելքի ապագայի երկու՝ միանգամայն տարբեր տեսլականներ»,- ասել էր պետքարտուղար Բլինքենը։
«Տեսլականներից մեկն այն է, որին մենք վճռականորեն աջակցում ենք, որ տարածաշրջանի երկրները կարգավորում են իրենց հարաբերությունները, ինտեգրվում են, միասին աշխատում են՝ ընդհանուր նպատակի շուրջ, և պաշտպանում ու կյանքի են կոչում պաղեստինցի ժողովրդի իրավունքներն ու նկրտումները»։
«Մյուս տեսլականը «Համասն» ի ցույց է դրել ամենասարսափելի ձևով․ այն՝ մահվան, ոչնչացման, մերժողականության և ահաբեկչության տեսլականն է»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարը։
«Այն մի տեսլական է, որը ոչնչով չի նպաստում պաղեստինցիների նկրտումներն առաջ մղելուն։ Որևէ կերպ չի օգնում՝ ստեղծել ավելի լավ ապագա տարածաշրջանի մարդկանց համար։ [Հակառակը]՝ ամեն ինչ անում է, որպեսզի լիակատար խավարի մատնի նրանց, ում նկատմամբ կարող է ազդեցություն ունենալ...։ Վստահ եմ, թե ինչ ուղի կընտրի և կնախընտրի տարածաշրջանի մարդկանց ճնշող մեծամասնությունը, եթե նրանց հնարավորություն ընձեռվի»։
«Խաղաղ բնակիչները չպետք է տուժեն «Համասի» վայրագությունների պատճառով։ Այժմ ակտիվորեն համագործակցում ենք տարածաշրջանի երկրների, Միավորված ազգերի կազմակերպության, Իսրայելի հետ՝ մեր հնարավորությունների սահմաններում երաշխավորելու, որ մարդիկ կարողանան խուսափել վտանգից և նրանց ցուցաբերվի անհրաժեշտ օգնություն՝ սնունդ, ջուր, դեղորայք»,- հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը՝ հավելելով, թե այդ նպատակով կվերաբացվի Գազան Եգիպտոսին՝ Սինայի թերակղզուն կապող Ռաֆահի անցակետը։
«Բարդ և դժվարին ժամանակներ են, սակայն առկա է վճռականություն՝ հաղթահարել այս ամենն ու այդ անել միասնական ջանքերով»,- ընդգծել էր ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Իսրայելցիների նկատմամբ «Համասի» իրականացրած սպանդից հետո, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնեց Մերձավոր Արևելք՝ ուղևորությունը սկսելով Իսրայելից, այնուհետև՝ այցելեց Հորդանան, Բահրեյն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Եգիպտոս։