Միացյալ Նահանգները շարունակում է ջանքերը Մեծ Բրիտանիայի, Արաբական Միացլա Էմիրությունների, Կատարի, Եվրամիության, Միավորված ազգերի կազմակերպության և Իսրայելի հետ՝ Գազայի հատված տանող ծովային միջանցքի գործարկման ուղղությամբ՝ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Երբ այդ միջանցքը ստեղծվի, այն հնարավորություն կտա ամեն օր բաշխել մինչև 2 միլիոն չափաբաժին սնունդ, ինչպես նաև դեղորայք, խմելու ջուր և կենսական նշանակության այլ մարդասիրական բեռներ։ Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Նիդեռլանդները, Կանադան նույնպես աջակցում են այդ ջանքերին»։
Պետքարտուղար Բլինքենը հավելել է, թե ծովային միջանցքը «մեր ընդհանուր ռազմավարության մասն է՝ համոզվելու, որ անում ենք հնարավոր ամեն ինչ, բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի աջակցություն ցուցաբերենք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն՝ լինի դա ցամաքով, ծովով, թե օդով»։
Բլինքենի խոսքով, այս պահին Ռաֆահի և Քերեմ Շալոմի միջոցով մատակարարվող մարդասիրական օգնությունը հասնում է այն մակարդակին, որ եղել է մի քանի շաբաթ առաջ՝ օրական մոտ 200 բեռնատար։ Բացի այդ, օգնության առաջին խմբաքանակները մուտք են գործել Գազա նաև հյուսիսային՝ 96-րդ դարպասի մոտ գտնվող նոր անցակետով։ Աշդոդ նավահանգստից ալյուր է ստացվել։ Պետքարտուղար Բլինքենը այս ամենն անվանել է դրական, բայց դեռևս անբավարար քայլ.
«Իսրայելը պետք է բացի հնարավորինս շատ անցակետետեր և դրանք բաց պահի՝ համոզվելու, որ ամեն ինչ ընթանում է կայուն կերպով։ ... Գազային ուղղված մարդասիրական օգնությունը պետք է աճի»։
Այդուհանդերձ, Էնթոնի Բլինքենը նշել է, թե «դրան, իրոք, հասնելու ամենաարդյունավետ միջոցը հրադադարն է»։ Միացյալ Նահանգները շարունակում է ինտենսիվ աշխատել Իսրայելի, Կատարի, Եգիպտոսի հետ՝ հրադադարի առաջարկի շուրջ։ Հարցն այն է՝ «արդյո՞ք «Համասը» ցանկանում է վերջ դնել իր գործողությունների հետևանքով առաջացած տառապանքներին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
«Մարդասիրական օգնության մատակարարման ապահովումը և խաղաղ բնակչության պաշտպանության համար հնարավոր ամեն ինչ անելը պետք է առաջնահերթություն լինի»,- հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։ «Ակնկալում ենք Իսրայելի կառավարությունից երաշխիք ստանալ, որ սա դառնա առաջնահերթություն...։ Սա պետք է լինի թիվ մեկ խնդիրը, նույնիսկ եթե նրանք անում են այն, ինչ անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու և «Համասից» բխող սպառնալիքին դիմակայելու համար»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։