«Մեր ազատություններն ու մեր երկրի փառավոր ճակատագիրն այլևս չեն անտեսվի։ Եվ մենք անմիջապես կվերականգնենք Ամերիկայի կառավարության ամբողջականությունը, իրավասությունը և հավատարմությունը»։
«Մեր հանրապետության վերականգնման ուղին դյուրին չի եղել»,- նշել է նախագահ Թրամփը։
«Ընդամենը մի քանի ամիս առաջ Փենսիլվանիայի մի գեղեցիկ դաշտում մարդասպանի գնդակը խոցեց ականջս։ Բայց այն ժամանակ զգացի և հիմա
ավելի շատ եմ հավատում, որ իմ կյանքը փրկվեց ինչ-որ պատճառով։ Ես փրկվեցի Աստծո կողմից, որպեսզի Ամերիկան կրկին մեծ դարձնեմ»։
«Ահա թե ինչու ամեն օր ... մենք գործելու ենք նպատակասլաց և արագ՝ վերականգնելու հույսը, բարգավաճումը, անվտանգությունն ու խաղաղությունը ցանկացած ռասայի, կրոնի, մաշկի գույնի և դավանանքի քաղաքացիների համար»։
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահական ժամկետը կսկսի մի շարք գործադիր հրամանագրերի ստորագրմամբ, որոնք կոչված են «սկսելու Ամերիկայի ամբողջական վերականգնումը և ողջախոհության հեղափոխությունը»։
Սպիտակ տան ղեկավարը, նախևառաջ, արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավային սահմանին։ Նման քայլով մեկնարկում է միլիոնավոր օտարերկրյա հանցագործների վերադարձի գործընթացն այն վայրեր, որտեղից նրանք եկել են։
Նախագահ Թրամփը թմրակարտելները հայտարարել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ։
Ձգտելով նվազեցնել գնաճը՝ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ դրություն՝ ամերիկյան նավթի և բնական գազի արդյունահանումն արագացնելու համար։
«Ամերիկան կրկին կդառնա արդյունաբերական երկիր, և ունենք մի բան, որը ոչ մի այլ արտադրող երկիր երբեք չի ունենա՝ նավթի և գազի աշխարհի ամենամեծ պաշարները, և պատրաստվում ենք օգտագործել դա»։
«Ինչպես 2017 թվականին, կրկին կստեղծենք ամենաուժեղ բանակը, որը երբևէ տեսել է աշխարհը»,- ընդգծել է նախագահ Թրամփը։
«Մեր հաջողությունը գնահատելու ենք ոչ միայն հաղթած մարտերով, այլև պատերազմներով, որոնք ավարտում ենք, ու, թերևս, ամենակարևորը՝ պատերազմներով, որոնց երբեք չենք ներգրավվում»։
«Ամերիկան կվերադարձնի երկրագնդի վրա ամենամեծ, ամենահզոր, ամենահարգված երկրի իր օրինական տեղը՝ առաջացնելով ողջ աշխարհի ակնածանքն ու հիացմունքը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
«Խիզախ կերպով կկանգնենք, կապրենք հպարտ, կերազենք համարձակ, և ոչինչ չի խանգարի մեր ճանապարհին, քանի որ մենք ամերիկացիներ ենք: Ապագան մերն է, և մեր ոսկե դարը նոր է սկսվել»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը: