Հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ, դեսպան Ռոբերտ Վուդը հարցի վերաբերյալ հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Arria-formula» ձևաչափով վերջին հանդիպմանը։
«Այս գործողությունների ազդեցությունը կործանարար է և երկարատև»,- ասել է նա՝ հավելելով․ «Այն երեխաներին զրկում է մանկությունից, կրթությունից և առողջ սոցիալական զարգացումից»։
Դեսպանի խոսքով, անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կօգնեն երաշխավորել առևանգված երեխաների անվտանգ ազատ արձակումն ու վերադարձը, և կապահովեն համապատասխան իրավական դաշտ, որը կարևորում է երեխաների պաշտպանությունը և պատասխանատվություն է սահմանում նրանց համար, ովքեր առևանգում կամ բռնի տեղահանում են երեխաներին։
Դեսպան Վուդի փոխանցմամբ, երեխաների իրավունքները ոտնահարվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դերակատարների կողմից։ «Չպետք է անտեսենք պետական դերակատարներին… և պետք է պատասխանատվության ենթարկենք նրանց՝ իրենց գործողությունների համար»,- ասել է նա։
Պետության կողմից երեխաների առևանգման սոսկալի օրինակներից են Ռուսաստանի գործողությունները՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ։ «Ուկրաինայի բռնազավթված տարածքներից ռուսական զինուժն ապօրինի կերպով հազարավոր ուկրաինացի երեխաների է տարհանել Ռուսաստանի Դաշնություն»,- նշել է դեսպան Վուդը՝ հավելելով․ «Վերջին զեկույցները փաստում են, որ Ռուսաստանի կառավարությունը ջանք է թափում ՝ խզելու այդ երեխաների և Ուկրաինայում գտնվող նրանց հարազատների կապը, խոչընդոտելու երեխաների վերադարձը հայրենիք և «վերադաստիարակելու» նրանց։ Նման կերպ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է խլել Ուկրաինայի ապագան»։
Դեսպան Վուդն ասել է, որ Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինայի կառավարությանը թույլատրել կապ հաստատել առևանգված երեխաների հետ և տեղեկություն տրամադրել նրանց թվի կամ գտնվելու վայրի մասին։ «Ուկրաինացի երեխաների նկատմամբ այս բռնությունները՝ Ռուսաստանի իշխանական տարբեր օղակներում ընդունված որոշումների և գործողությունների արդյունք են»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով․ «Տարհանված երեխաների տվյալները պետք է փոխանցվեն Ուկրաինայի կառավարություն՝ աջակցելու ընտանիքների վերամիավորմանն ուղղված վերջինիս ջանքերը»։
Դեսպան Վուդի խոսքով, «չափազանց կարևոր է», որ միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի ողջ աշխարհում առևանգված և բռնի տեղահանված երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների դեմ պայքարելու համար, այդ թվում՝ տուժած համայնքներին աջակցելու, կրթության հասանելիության խթանման և պատասխանատվության համապատասխան մեխանիզմների ամրապնդման միջոցով։
«Պետք է հրատապ և միասնական գործենք՝ վերջ դնելու զինված հակամարտությունների ժամանակ երեխաների առևանգմանը և տեղահանմանը»,- հայտարարել է Վուդը և ավելացրել․ «Պարտավոր ենք ապահովել այս երեխաների պաշտպանությունը, երաշխավորել նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը և կանխել նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Զինված հակամարտությունների գոտիներում երեխաների առևանգումն ու տեղահանումը պետք է դադարեցվի
Զինված հակամարտությունների գոտիներում երեխաների առևանգումը և բռնի տեղահանումը համաշխարհային խնդիրներ են։ Նմանատիպ բռնություններ տեղի են ունենում մոլորակի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Նիգերիայում, Եմենում, Կոլումբիայում և Ուկրաինայում։