Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ


Իր դաշնակիցների և գործընկերների հետ համաձայնեցված՝ Միացյալ Նահանգները լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել ռուսական ֆինանսական համակարգի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի։

«Անվերապահորեն սատարելով Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ մենք շարունակելու ենք գործել մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում, եթե վերջինս շարունակի իր ընտրությամբ պատերազմի ուղին», հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) ԱՄՆ-ի քաղաքացիների համար արգելել է գործարքները Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, Ռուսաստանի Դաշնության Ազգային բարեկեցության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հետ։ Բացի այդ, OFAC-ն արգելափակող պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի, դրա երկու դուստր ձեռնարկությունների և գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրևի դեմ։ Հիմնադրամը հայտնի է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավոր շրջապատի գումարների ապօրինի շրջանառման միջոց։

Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները ձեռնարկել է այդ «գործողությունները, որպեսզի Ռուսաստանը չկարողանա իր միջազգային պահուստներն օգտագործել մեր պատժամիջոցների ազդեցությունը չեզոքացնելու նպատակով, ինչպես նաև թույլ չտալու Ռուսաստանին օգտագործել իր բարեկեցության հիմնադրամը՝ ի նպաստ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմին»։

Այս վերջին պատժամիջոցները սահմանվել են նրանից հետո, երբ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության հասարակությունը (SWIFT) համաձայնել է իր համակարգից հեռացնել ռուսական հիմնական բանկերը, ինչը երկիրը կմեկուսացնի համաշխարհային ֆինանսական համակարգի մեծ մասից։ SWIFT-ից Մոսկվայի բացառումը նշանակում է, որ ռուսական բանկերը չեն կարողանա անվտանգ հաղորդակցվել երկրի սահմաններից դուրս այլ բանկերի հետ։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները նաև հայտարարել են սահմանափակող միջոցներ կիրառելու մասին, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի կենտրոնական բանկի՝ պատժամիջոցները չեզոքացնելու համար իր միջազգային պահուստներն օգտագործելու կարողության խափանմանը։

Միացյալ Նահանգները կշարունակի իր գործողությունները սերտորեն համակարգել իր գործընկերների և դաշնակիցների հետ՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանին տնտեսական ծանր վիճակի մեջ դնելու համար։ «Մենք մեր գործընկերների և դաշնակիցների հետ ունենք միասնական նպատակ, հաստատակամություն և վճռականություն՝ Ռուսաստանին պատասխանատվության կանչելու իր ագրեսիայի համար, հատկապես նրանց, ովքեր պատասխանատու են այս պատերազմի համար», ընդգծել է պետքարտուղար Բլինքենը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG