Accessibility links

Breaking News

Ընտրություններից հետո ԱՄՆ-ում սպասում են իշխանության հերթական խաղաղ փոխանցմանը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Ինչպես հայտնի է, ամերիկյան ընտրություններից հետո նախագահ Ջո Բայդենը ուղերձով դիմեց երկրին՝ խոսելով իշխանության խաղաղ փոխանցման մասին։ Ընտրություններին ամերիկացիների մեծ մասը իր քվեն տվեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը, հիշեցնենք, պարտվել էր Բայդենին չորս տարի առաջ։

«Ավելի քան 200 տարի Ամերիկային է պատկանել համաշխարհային պատմության մեջ ինքնակառավարման ամենամեծ փորձը, և սա չափազանցություն չէ, փաստ է, [քանի որ] ժողովուրդը քվեարկում և ընտրում է իր առաջնորդներին խաղաղ ճանապարհով, և ժողովրդավարության պայմաններում միշտ գերակշռում է ժողովրդի կամքը»։

Նախագահ Բայդենը հայտնել է, թե զանգահարել է ընտրյալ նախագահ Թրամփին՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ։

«Նրան հավաստիացրել եմ, որ կհանձնարարեմ իմ ողջ վարչակազմին աշխատել իր թիմի հետ՝ իշխանության խաղաղ և անցնցում փոխանցում ապահովելու համար։ Դրան է արժանի ամերիկացի ժողովուրդը»։

Փոխնախագահ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի լարված նախընտրական քարոզարշավից հետո նախագահ Բայդենը բարձր է գնահատել փոխնախագահի գործունեությունը և նրա պայքարը Սպիտակ տան համար։

«Նա ունի երկաթե կամք, հրաշալի բնավորություն, իսկական բնավորություն։ Նա տվել է իր ամբողջ սիրտն ու ուժը, և նա ու իր թիմը պետք է հպարտանան իրենց քարոզարշավով»։

Դիմելով փոխնախագահ Հարիսի օգտին քվեարկողներին՝ նախագահ Բայդենը կոչ է արել «չհանձնվել» և «պահպանել հավատը»՝ ընդգծելով, որ քաղաքական արշավները «մրցող տեսլականների մրցակցություն են»։

«Երկիրն ընտրում է մեկը կամ մյուսը։ Մենք ընդունում ենք ընտրությունը, որը կատարել է երկիրը։ Բազմիցս ասել եմ՝ չի կարելի սիրել երկիրդ միայն այն ժամանակ, երբ հաղթում ես։ Չես կարող սիրել հարևանիդ միայն այն ժամանակ, երբ համաձայն ես նրա հետ։ Հուսով եմ, որ կարող ենք ինչ-որ բան անել, անկախ նրանից, թե ում օգտին եք քվեարկել։ Միմյանց մեջ տեսնել ոչ թե հակառակորդների, այլ համաքաղաքացիների, թուլացնել լարվածությունը»։

«Ես կկատարեմ նախագահի իմ պարտականությունը»,- հայտարարել է նախագահ Բայդենը։ «Կկատարեմ իմ երդումը և կհարգեմ սահմանադրությունը։ [Հաջորդ տարի] հունվարի 20-ին Ամերիկայում կիրականացնենք իշխանության խաղաղ փոխանցում»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG