Accessibility links

Breaking News

Չինաստանի վտանգավոր խաղը միջուկային սպառազինության ոլորտում


Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ) վարում է վտանգավոր և ապակայունացնող խաղ՝ ձգտելով առնվազն կրկնապատկել իր միջուկային զինանոցն այս տասնամյակում։ Վերջերս հրապարակված խմբագրականի մեջ պետքարտուղար Մայք Փոմփեոն գրել է.

«Պեկինը հրաժարվում է բացահայտել, թե որքան միջուկային զենք ունի, որքան զենք է ծրագրում մշակել կամ ինչպես է մտադիր այն կիրառել։ Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից նվազագույն թափանցիկ երկիրն է»։

Չնայած Չինաստանի կոմունիստական կուսակցության գաղտնի գործելակերպին՝ աշխարհը գիտի, որ Պեկինը ձգտում է ունենալ միջուկային «տրիադա»՝ ցամաքում, օդում և ծովում, և որ այն արագորեն ընդլայնում և արդիականացնում է իր կարողությունները՝ միաժամանակ հրաժարվելով Միացյալ Նահանգներին անգամ ողջամիտ երկխոսության մեջ ներգրավել այդ զարգացումների վերաբերյալ։

Արբանյակային պատկերները վկայում են Ժողովրդաազատագրական բանակի առաջխաղացման մասին մինչև 2049 թվականը համաշխարհային կարգի ռազմական ուժի ստեղծման ուղղությամբ։ Վերջերս Ժողովրդաազատագրական բանակի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել է «Դունֆեն-41» հրթիռը, որը կարող է հարվածել Ամերիկայի ափերին 30 րոպեում։ «Մոտ ապագայում Ժողովրդաազատագրական բանակն այդ հրթիռը կտեղակայի ստորգետնյա հրթիռահորերում և շարժական հարթակների վրա, և մենք ակնկալում ենք, որ առկա միտումների պահպանման դեպքում Չինաստանը հաջորդ տասնամյակում առնվազն կկրկնապատկի իր ողջ միջուկային զինանոցը», նշել է Փոմփեոն։

Ընդլայնվող ռազմավարական միջուկային ուժերից բացի, Ժողովրդաազատագրական բանակն իր ափերի մերձակայքում ավելի քան հազար բալիստիկ հրթիռներ է տեղակայել։ Այդ զենքերից շատերը կարող են հագեցած լինել ինչպես միջուկային, այնպես էլ սովորական մարտագլխիկներով։ Մայք Փոմփեոն նախազգուշացրել է, որ դրանք նախատեսված են Արևելյան Ասիայում ԱՄՆ-ի զորքերը թիրախավորելու, ԱՄՆ-ի դաշնակիցներին ահաբեկելու և ՉԺՀ-ի հարկադրական արտաքին քաղաքականությանը սատարելու համար։

Պեկինի միջուկային դիրքորոշումն ավելի ագրեսիվ է դառնում՝ սպառնալով միջուկային զենք չունեցող իր հարևաններին և կասկածի տակ դնելով «առաջինը չկիրառելու» իր երկիմաստ քաղաքականությունը։ Ընդհակառակը, Միացյալ Նահանգները և այլ ժողովրդավարական երկրներ գործում են թափանցիկ, հարգում են միջուկային զենքի միջազգային նորմերի սկզբունքը և աշխատում են զենքի վերահսկման վստահարժան առաջարկների մշակման և խթանման ուղղությամբ՝ միջուկային սպառազինության մրցավազքը կանխելու նպատակով։ «Այլ միջուկային տերությունների հետ միաին մենք ներգրավված ենք ամուր և հուսալի ճգնաժամային հաղորդակցման ցանցերում և խրախուսել ենք Պեկինին նույն կերպ վարվել», ասել է Մայք Փոմփեոն։

Նա կոչ է արել ՉԺՀ-ի ղեկավարներին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ համատեղ մշակել զենքի վերահսկման վերաբերյալ նոր համաձայնագիր, որն ընդգրկում է միջուկային սպառազինության բոլոր կատեգորիաները։

Նա նաև հորդորել է Ամերիկայի բարեկամ երկրներին բարձրաձայնել այդ մասին։ «Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման կողմնակիցները, որոնք կախված են Ամերիկայի՝ միջուկային զսպման կարողություններից, հրապարակավ չեն խոսում Պեկինի ուժերի հզորացման մասին»։

Գերտերությունները, այդ թվում՝ ՉԺՀ-ն, պետք է պատասխանատու կերպով վարվեն աշխարհի ամենավտանգավոր զենքի հետ։ Անպատասխանատու կառավարությունների կամ նրանց գործողությունների նկատմամբ զիջողական դիրք գրաված երկրներն անխուսափելիորեն առերեսվելու են հետևանքներին։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG