Accessibility links

Breaking News

Պաշտպանության նախարար Օսթինը կարևորում է Սևծովյան տարածաշրջանի գործընկերությունը


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վերջերս այցելել է Սևծովյան տարածաշրջանի երեք երկրներ՝ Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա։

Նա բարձր է գնահատել անվտանգության ոլորտում ամուր գործընկերային հարաբերությունները և արժեքները, որոնք այդ երկրները կիսում են Միացյալ Նահանգների հետ, երախտագիտություն է հայտնել Իրաքում և Աֆղանստանում հակամարտող ուժերի կոալիցիայի շրջանակներում Վրաստանի և Ռումինիայի կողմից զոհողությունների համար, ինչպես նաև վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը երեք երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում, քանի դեռ նրանք շարունակում են ենթարկվել Ռուսաստանի կառավարության չարամիտ գործունեության ճնշմանը։

«Ակնհայտ է, որ տարածաշրջանը խոցելի թիրախ է ռուսական ագրեսիայի համար, և մենք դրա ապացույցները տեսել ենք Ուկրաինայի արևելքում շարունակվող գործողությունների, Վրաստանի որոշ շրջանների բռնազավթման, Սև ծովի ռազմականացման, ինչպես նաև օդում և ծովում սադրիչ գործողությունների համատեքստում», նշել է նախարար Օսթինը։ «Ռուսաստանի ապակայունացնող գործունեությունն արտացոլում է տարածաշրջանում իր գերիշխող դիրքը վերականգնելու և միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայի ստեղծմանը խոչընդոտելու հավակնությունները»։

Նախարար Օսթինը լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները «բարձր է գնահատում մեր գործընկերների հսկայածավալ գործընկերությունը և համագործակցությունը» տարածաշրջանում, և նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնություն տրամադրել Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, ինչպես նաև Բուլղարիայի ծովային կարողությունների հզորացման համար՝ ի աջակցություն այն ջանքերին, որոնք ուղղված են Ռուսաստանի չարամիտ գործունեության զսպանը և դրանից պաշտպանությանը։

Նախարար Օսթինի՝ երեք երկրներ կատարած այցն ընդգծել է նաև ՆԱՏՕ-ի շահագրգռվածությունը Սև ծովի անվտանգության հարցում՝ Ռումինիան՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, իսկ Ուկրաինան և Վրաստանը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող գործընկեր պետություններ։

Պաշտպանության նախարարը Ռումինիան անվանել է «ընդհանուր պատասխանատվության, պաշտպանության արդիականացման և Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցության գործում դաշնակիցների հանձնառության կարևոր օրինակ»։ Նա նաև գովասանքի խոսքեր է ուղղել Ռումինիային՝ որպես ՆԱՏՕ-ի այն սակավաթիվ դաշնակիցներից մեկը, որի տարածքում տեղակայված են ԱՄՆ-ի զգալի թվով ռոտացիոն ուժեր։

Վրաստանում և Ուկրաինայում նախարար Օսթինը հստակ հայտարարել է, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը նաև պատվար է կոռուպցիայի և ագրեսիայի դեմ, և խրախուսել է երկու երկրների կառավարություններին շարունակել բարեփոխումները, որոնք կնպաստեն նրանց եվրատլանտյան նկրտումներին։

«Սև ծովի անվտանգությունն ու կայունությունը բխում են ԱՄՆ-ի ազգային շահերից և վճռորոշ նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության համար», ասել է նախարար Օսթինը։ «Դա մնալու է մեր ուշադրության կենտրոնում, և մենք շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ տարածաշրջանում»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG