Մարտի 18-ին Միացյալ Նահանգները միացավ Յոթ երկրների խմբի կամ Մեծ յոթնյակի վեց այլ անդամներին՝ դատապարտելով Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ։ Իրենց համատեղ հայտարարության մեջ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի արտգործնախարարները «ապօրինի և անօրինական» են որակել այն, ինչ Ռուսաստանն արել է Ուկրաինայում։
«Մենք անվերապահորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլի ժամանակավոր բռնազավթումը», գրել են նրանք։ «Դա օրինականացնելու Ռուսաստանի փորձերը չեն ճանաչվում և չեն ճանաչվի»։
Մեծ յոթնյակի արտգործնախարարները վկայակոչել են ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկիի եզրափակիչ ակտը և Փարիզի խարտիան, որոնք «հստակ շարադրում են ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը հարգելու հիմնարար սկզբունքները և սահմանների փոփոխությանն ուղղված ուժի ցանկացած կիրառման արգելքը»։ Ուժ կիրառելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ՝ Ռուսաստանն ակնհայտորեն խախտել է միջազգային իրավունքը և այդ սկզբունքները», նշել են նրանք։
Նրանք նաև դատապարտել են Ռուսաստանի կողմից թերակղզում մարդու իրավունքների ոտնահարումները, մասնավորապես՝ Ղրիմի թաթարների նկատմամբ, այդ թվում՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումները, քաղաքական հետապնդումները և ոտնձգությունների այլ դրսևորումները։ «Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հարգել իր միջազգային պարտավորությունները, թույլատրել միջազգային դիտորդների մուտքը և անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց», գրել են նրանք։
Մեծ յոթնյակը նաև իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի «Ղրիմի պլատֆորմ» նախաձեռնությանը, որի նպատակն է համախմբել համախոհ պետություններին, որոնք դատապարտում են Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնագրավումը և բռնազավթումը, թերակղզու ռազմականացումը և Ղրիմի բնակչության նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարումները, ինչպես նաև մշակել բանաձևեր հետագայում այդ խնդիրների լուծման ուղղությամբ։
Արտաքին գործերի նախարարները նաև վճռականորեն դեմ են արտահայտվել Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի շարունակական գործողությունների նկատմամբ, մասնավորապես՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։ «Դեպի խաղաղություն ուղին Մինսկի համաձայնագրերի լիարժեք կատարումն է», նշել են նրանք։ Նրանք բարձր են գնահատել Ֆրանսիայի և Գերմանիայի ջանքերը Նորմանդական ձևաչափի մասնակիցների իրենց դերում՝ օգնելու հետամուտ լինել հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։
Մեծ յոթնյակը հաստատել է, որ շարունակում է «լիովին հավատարիմ մնալ պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
Արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի փետրվարյան գրառմանը 2014 թվականի ռուսական ներխուժման վերաբերյալ՝ Մեծ յոթնյակի նախարարները հայտարարել են, որ «Ղրիմն Ուկրաինա է»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։